Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մտավորականների բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Քաղաքականություն
hanq

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կրկնօրինակը՝ ՀՀ բնապահպանության նախարար պարոն Էրիկ Գրիգորյանին    Մեծարգո պարոն վարչապետ: Դիմում ենք Ձեզ հետևյալ հիմնահարցի առիթով: Ս.թ. մարտի 23-ին Մտավորականների խորհուրդը (ՄԽ)  դիմել էր  ՀՀ Կառավարությանը, հայտնելով իր խորը մտահոգությունը հանքարդյունաբերության, հատկապես մետաղային հանքերի և պոչամբարների կողմից շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա իրականացվող խիստ բացասական ազդեցության վերաբերյալ /նամակի պատճեն կցվում է/: Ապրիլի 25-ին ստացվել է պատասխան ՀՀ Բնապահպանության նախարարությունից, որին կցվել են նաև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների, Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների տեսակետները քննարկվող հարցի շուրջ: Ստացված պատասխանը մեզ բոլարովին չի գոհացնում, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունները լիարժեք չեն տիրապետում բարձրացված հիմնախնդրի էությանը և չեն համագործակցում միմիանց հետ, ներկայացնելով մակերեսային և իրար հակասող, որևէ լուծում չպարունակող կարծիքներ: Պատասխանից տպավորությունն այնպիսին է, որ նախարարությունները նոր են արձանագրում այն վտանգները և կանխարգելիչ միջոցառումները, որոնք պետք է նախատեսված լինեին դեռ մետաղական հանքերի շահագործման թույլտվությունը տալու պահին: Միայն հիմա են նախատեսում իրականացնել միջոցառումներ, որոնք պետք է իբր վերացնեն կուտակված վտանգավոր հետևանքները՝ միաժամանակ բողոքելով դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունից: Մեր խորին համոզմամբ շրջակա միջավայրին հասցված վնասները, որոնք անկասկած ազդում են բնակչության առողջության վրա, հետևանք են շահագործողների կողմից գերշահույթ ստանալու մոլուցքի և  պատկան մարմինների կողմից պատշաճ վերահսկողության բացակայության: Հարգարժան պարոն վարչապետ: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այն արտառոց փաստին, որ հանքավայրերի արտադրանքի, հատկապես՝ մոլիբդենի, ոսկու արտահանման տուրքերը զրոյական են, իսկ ստացված շահույթի հարկման հնարավորությունները՝ անհասկանալի ու անվերահսկելի: Համոզված ենք, որ բարձրացված խնդիրները օպերատիվ լուծման կարիք ունեն և նորընտիր Կառավարությունը կդրսևորի համապատասխան քաղաքական կամք այդ ուղղությամբ:  Մեր կարծիքով անհրաժեշտ է.

  • Բացառել հանքարդյունաբերության դիտարկումը որպես ՀՀ զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը:
  • Բացահայտել ոլորտում առկա կոռուպցիոն երևույթները:
  • Ստեղծել միջգերատեսչական համակարգող հանձնաժողով անկախ փորձագետների մասնակցությամբ (երկրաբան, բնապահպան, քիմիկոս, իրավաբան, տնտեսագետ, հիգիենիստ):
  • Իրականցնել նախորդ նամակում արդեն նշված միջոցառումները: Այն է`
  • Ձեռնարկել տարաբնույթ նորարական միջոցառումներ հանքարդյունա-բերության բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնեու նպատակով: Կասեցնել շրջակա միջավայրի համար հատկապես վտանգավոր մետաղային հանքերի շահագործումը մինչև հասցված վնասի վերացումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ օրինակ՝ Թեղուտի հանքավայր: Առկախել նոր թույլտվությունների տրամադրումը:
  • Անհապաղ միջոցներ ձեռնարկել վնասված և աղտոտված տարածքների վերականգնման և բնությանը հասցված վնասը փոխհատուցելու ուղղությամբ՝ առաջնային համարելով Լոռու և Սունիքի մարզերը:
  • ՈՒսումնասիրել ազդակիր համայնքների առողջապահական, սոցիալական վիճակի բնութագիրը և դրա հիման վրա բնակչությանը ցուցաբերել ամբողջական աջակցություն,
  • պատասխանատվության ենթարկել բնությանը և տեղի բնակչությանը վնաս հասցրած մասնավոր ձեռնարկություններին:
Ակնկալում ենք հանդիպում՝ վերընշված, ինչպես նաև այլ հրատապ հիմնախդիրները քննարկելու համար:     Մտավորականների խորհրդի անունից՝ ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՝ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ՝ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ՝ արտակարգ ու լիազոր դեսպան, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ՜ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ՝ քիմիական գիտ. թեկնածու ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ՝ Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտություննրի.դոկ. ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ՝ Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր ԺԱՍՄԻՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ՝ ՆԵՐՈՒԺ ՀԿ տնօրեն ԵԼԵՆԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ՝ Բժշկական գիտ.թեկ. ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ՝ ՄԽ  համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, <<Քաղաքակրթությունների երկխոսություն>> ազգային կենտրոն ՀԿ ղեկավար  Հեռ. 52-52-73