Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերջին Զանգը» ԿԳ նախարարի ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

Հասարակություն
Arayik

Կրթության եւ Գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը տեղյակ է, որ դեռ կան դպրոցներ, որտեղ գումարներ են հավաքում «Վերջին զանգի» արարողությունների համար: Այսօր Կառավարության նիստից առաջ շենքի մուտքի մոտ «Ա1+»-ի հարցին ի պատասխան  նախարարն ասաց. «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ յուրաքանչյուր դեպքով տվյալները հանձնելու եմ իրավապահ մարմիններին: Երեկ պարոն Օսիպյանի հետ էլ եմ խոսել այս հարցով եւ հորդորում եմ ուսուցիչներին, տնօրեններին, որոնք նման գործունեությամբ են զբաղվում վերջ տան: Հայաստանում իրավիճակ է փոխվել եւ այլեւս դրամահավաքությունները խստիվ պատժվելու են»: Պարոն Հարությունյանը վստահեցրեց նաեւ, որ  կան դպրոցներ, որտեղ «Վերջին զանգի» համար հավաքված գումարները հետ են վերադարձվել: Նախարարի ուշադրության կենտրոնում է նաեւ  այս կամ այն քաղաքական գործչի մասնակցությունը  Բուհերի կառավարման խորհուրդների ղեկավարման գործընթացին: «Բարձրագույն կրթության մասին օրենքն է հիմա քննարկվում, մենք ուզում ենք որպեսզի այդ օրենքը օր առաջ ընդունվի, որ այդ խնդիրը դուրս գա օրակարգից: Բարձրագույն կրթության մասին օրենքը, որ բերել էին,  պետական պաշտոնյաներն  իրավունք  չէին ունենալու զբաղեցնել  այդ խորհուրդներում , բայց դեկտեմբերի վերջին, մի փոփոխությամբ՝ Սերժ Սարգսյանի հրահանգով, դա փոխվեց եւ մեկ-երկու պաշտոնյաներ կարող էին տեղ զբաղեցնել  բուհերի խորհուրդներում: Հիմա մենք պետք  է դա էլ փոխենք , որպեսզի որեւէ պաշտոնյա, որեւէ քաղաքական գործիչ տեղ չունենա բուհերի խորհուրդներում եւ բուհերը առավելագույնս լինեն ինքնավար»: