«Գանձասար-Կապանն» առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայացած ֆուտբոլի Հայաստանի գավաթի 27-րդ խաղարկության եզրափակիչ խաղում իրար հետ հադիպեցին Երեւանի «Ալաշկերտն» ու Կապանի «Գանձասար-Կապանը»: Հանդիպումը երկու թիմերի համար պատմական նշանակություն ուներ, քանի որ դրանք առաջին անգամ կարող էին իրենց անունը գրել գավաթի պատմագրքում:

 

Զարմանալի չէ, որ խաղն անցավ անչափ լարված եւ համառ պայքարում: Հիմնական ժամանակում թիմերը չնայած բազում գոլային պահեր ստեղծեցին, բայց այդպես էլ չկարողացան գրավել դարպասը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Հանդիպման 105-րդ րոպեին փոխարինման մտած «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը հուժկու հարվածով անակնկալի բերեց իր նախկին թիմակից Գեւորգ Կասպարովին եւ առաջ մղեց իր թիմին: Ալաշկերտցիներին, սակայն, չհաջողվեց պահպանել մեկ գնդակի առավելությունը եւ տիրել գավաթին: Խաղի 116-րդ րոպեին «Գանձասար-Կապանի» զամբիացի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան արագ հակագրոհից հետո հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Հաղթողին որոշելու համար մրցավարը նշանակեց 11մ հարվածաշար, որն ավելի դիպուկ իրացրին կապանցի ֆուտբոլիստները՝ 4:3:

 

Այդպիսով, ֆուտբոլի Հայաստանի գավաթն առաջին անգամ կապանյան գրանցում ստացավ: «Գանձասար-Կապանը» առաջիկա մրցաշրջանում հանդես կգա Եվրոպայի լիգայում, իսկ ահա «Ալաշկերտը» դեռեւս պայքարում է չեմպիոնների լիգայի ուղեգրի համար:

The winner of the Armenia Football Cup 2018 is Gandzasar Kapan

The winner of the Armenia Football Cup 2018 is Gandzasar Kapan