Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոհ չէր թիմից, սակայն կողմ էլ չէր հեղափոխությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
artur-gevorgyan

Ի՞նչ է անում պաշտոնաթող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա փեսան, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանն ունի տեղեկություններ.   «Հանգստանում է, վայելում է իր հանգիստը: Ես չեմ տեսել պարոն Գասպարյանին, որ իմանամ՝ ծա՞նր է տարել պաշտոնանկությունը, թե ոչ: Չեմ կարծում, որ ծանր տանի»:             Ինչպե՞ս կգնահատի նոր ոստիկանապետի՝ Վալերի Օսիպյանի նշանակումը, եթե համեմատեն նախկինի հետ. «Շատ բարի: Ավելի պրոֆեսիոնալի պահով՝ գնահատելու համար ժամանակ է պետք»:             Ներկայացնելով Վալերի Օսիպյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նա համակարգում կոռումպացված չի եղել: Արդյոք համակարգից հեռացվածները կոռումպացված են եղել. «Ասաց Նիկոլ Փաշինյանը: Ես ո՞նց կարող եմ չկիսել, եթե ես չունեմ փաստեր, որ տվյալ մարդը կոռումպացված է եղել: Դուք ուզում եք դեզի մեջ ասե՞ղ գտնել, մի փորձեք. ամեն ինչ շատ հանգիստ է, շատ խաղաղ է, նորմալ է: Ժամանակը ցույց կտա. նոր կառավարություն է ձեւավորվել, ես ուզում եմ, որ իրենց մոտ հաջողվի եւ լավ աշխատեն»:             Արշակ Հակոբյանին, որը եղել է Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը եւ որի նկատմամբ այժմ գործ է հարուցված՝ Նիկոլ Փաշինյանի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու համար, Արթուր Գեւորգյանը մի պահ չմտաբերեց. «Եթե հիշեցնեք... էդպես անուն-ազգանունով չէ... Դե, երկար տարիներ ծառայել է իր ղեկավարին, կարծում եմ՝ երկար տարիների ստաժը արդեն իսկ խոսում է նրա բարձր որակների մասին»:             Նա գոհ է, որ քաղաքացիական անհնազանդության շարժումը հանգուցալուծվեց խաղաղ ճանապարհով, սակայն չի կարծում, որ զարգացումները պետք է հանգեցնեն ԱԺ արտահերթ ընտրությունների. «Էդ բոլոր ուժերը ժամանակին արտահայտվել էին եւ գոհունակություն էին հայտնել ընտրությունների վերաբերյալ: Չի կարելի կասկածի տակ դնել արդեն անցած ընտրությունները»:             Արթուր Գեւորգյանը չէր սպասում, որ Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետ, սակայն միաժամանակ չի կարծում, որ դա արդյունք է ՀՀԿ վարկանիշի անկման. «Ես միշտ ազնիվ եմ եղել եւ հիմա էլ ազնիվ կգտնվեմ՝ եթե ես գոհ չէի մեր թիմի շատ աշխատանքներից, դա չի նշանակի, որ ես կողմ էի իշխանափոխությանը կամ այն մարդկանց, ովքեր եկել են իշխանության: Բայց ես դեմ չեմ, որ նրանց մոտ լավ ստացվի»:              Ըստ Արթուր Գեւորգյանի՝ ՀՀԿ-ն պետք է ներքին աուդիտ անի ու գնահատի իր սխալները, լուրջ քայլերի գնա: Եթե դա չլինի, չի բացառվում, որ ինքն էլ դուրս գա կուսակցությունից: