Այսօր երկու ուշագրավ հանդիպում հայկական ֆուտբոլում

Հայկական ֆուտբոլում այսօր կկայանան երկու կարեւոր հանդիպումներ:

Առաջինը տեղի կունենա Գյումրիի քաղաքային մարզադաշտում, ժամը 17:00-ին: «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանը կհանդիպի ԶԼՄ-ների հետ, որտեղ կներկայացնի իր տեսակետը կապված «Բանանց» – «Շիրակ» խաղից առաջ տեղի ունեցած սկանդալի հետ: Ակումբն իր ֆեյսբուքյան էջում նախապես նշել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումն ապօրինի է այդ հարցում («Շիրակ» թիմից հանվել է 12 միավոր, իսկ ակումբը տուգանվել է 7 մլն դրամով):

Երկրորդ նշանակալից հանդիպումը տեղի կունենա Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին: Երեւանի «Ալաշկերտը» եւ Կապանի «Գանձասար-Կապանը» առաջին անգամ միմյանց հետ կհանդիպեմ Հայաստանի գավաթի եղրափակիչում:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ալաշկերտցիներն այժմ 47 միավորով զբաղեցնում են 2-րդ տեղը եւ առաջատար Գյումրիի «Շիրակի» հետ շարունակում են պայքարել չեմպիոնի կոչման համար: Կապանցիները 43 միավորով ընթանում են 3-րդ հորիզոնականում՝ բրոնզե մեդալների համար պայքար մղելով երկու միավորով հետ մնացող «Բանանցի» հետ:

Ընթացիկ մրցաշրջանում կողմերն արդեն 5 անգամ հանդիպել են իրար հետ: Երեք խաղում հաջողությունն ուղեկցել է «Գանձասար-Կապանին» (3:0, 1:0, 1:0), մեկում՝ «Ալաշկերտին» (4:0), իսկ մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի (1:1): Ի դեպ, վերջին խաղն ավարտվել է ալաշկերտցիների հաղթանակով:

Բուքմեյքերական գրասենյակները հանդիպման ֆավորիտ են համարում հենց «Ալաշկերտին», որի հաղթանակը գնահատել են 2,00 գործակցով: «Գանձասար-Կապանի» հաղթելու շանսերը հավասար են 3,50 գործակցի, իսկ ոչ-ոքին՝ 3,25:

Ի դեպ, երկու ակումբներն էլ դեռեւս չեն տիրել այդ մրցանակին, այնպես որ, այսօր Հայաստանը կունենա նորընծա գավաթակիր: