Երեք հայ շախմատիստ՝ «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում մեկնարկած շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնում են միանգամից երեք շախմատիստ՝ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Մրցաշարին մասնակցում են 6 երկրների 12 պատանի շախմատիստներ:

Վիճակահանությամբ առաջին տուրում Արամ Հակոբյանը հանդիպեց ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակցի՝ ուկրաինացի գրոսմայստեր Կիրիլ Շեւչենկոյի հետ: Լարված պայքարում ընթացած պարտիան 94-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի:

Շանթ Սարգսյանը հաշտություն կնքեց ռուսաստանցի Կիրիլ Շուբինի հետ, իսկ ահա Մամիկոն Ղարիբյանը պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոս  Կաչարավային:

Այսօր տեղի կունենան երկրորդ տուրի պարտիաները: Արամ Հակոբյանը սեւերով կմրցի Սերգեյ Լոբանովի հետ: Շանթ Սարգսյանն ուժերը կչափի Նիկոլոս Կաչարավայի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը կհանդիպի Վոլոդար Մուրզինին: