Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատակիցները հրաժարվում են միացնել պոմպակայանը (տեսանյութ)

Հասարակություն
Ejmiacin-1

«Էջմիածին ջրօգտագործողների ընկերության» աշխատակիցներն այսօր  հավաքվել էին ընկերության գրասենյակի դիմաց և պահանջում էին իրենց չվճարված աշխատավարձերը: Ընկերությունը պարտքեր կուտակել է սկսած 2016 թվականից, և Վլադիկ Հովսեփյանն այս տարվա մարտից նշանակվելով տնօրեն, պարտավորություն է ստանձնել նաև մարել հին պարտքերը, սակայն այս ամենով գյուղացիների խնդիրները չեն լուծվում։ «Ես որպես նոր տնօրեն ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ ի վիճակի եմ 16-17 թվին եղած հարցերին պատասխանեմ, ես այսօր կպատասխանեմ նրան, ինչը որ գրությամբ, ակտով փոխանցվել է իմ ընկերությանը»,- նշում է տնօրեն Վլադիկ Հովսեփյանը։ Աշխատավարձերի պարտքից տուժում են ոչ միայն աշխատակիցները, այլ նաև գյուղացիները։ Աղավնատուն գյուղի բնակիչ Մխիթար Վրթանեսյանը  երրորդ օրն է՝ չի կարողանում սածիլ անել, քանի որ ընկերության աշխատակիցները հրաժարվում են միացնել պոմպակայանը։ «Ասում եմ՝ ինչի՞ չեք միացնում, ասում են՝ աշխատավարձ չեն տվել, չենք միացնում, մենք ձրի աշխատող չենք»,- պատմում է Մխիթար Վրթանեսյանը։ Վլադիկ Հովսեփյանը հենց այդ պահին հեռախոսով հանձնարարեց միացնել պոմպակայանը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց խնդիրներին լուծում տալ, սակայն որոշակի ժամանակահատվածում։