Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Ջուլֆալակյանը դժգոհ է Կարապետ Չալյանի ելույթից (տեսանյութ)

Սպորտ
sport-hunahromeakan-11.05.

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը գերազանց է գնահատել մեր ընտրանու ելույթը Կասպիսյկում կայացած Եվրոպայի առաջնությունում: «Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանումյանը կրկին ապացուցեցին իրենց բարձր կարգը եւ ոսկե մեդալ նվաճեցին: Կարեն Ասլանյանի համար սա առաջին հաջողությունն էր: Նա լավ հեռանկար ունի: Արթուր Շահինյանը մեդալ չնվաճեց կողմնակալ մրցավարության պատճառով: Թեթեւ քաշայիններ Արմեն Մելիքյանն ու Սլավիկ Գալստյանը դեռեւս անփորձ են եւ շատ անելիքներ ունեն: Իսկ ահա 77 կգ քաշային Կարապետ Չալյանից սպասելիքներն ավելի մեծ էին, սակայն նա հերթական անգամ սայթաքեց Եվրոպայի առաջնությունում: Նրա մոտ տեխնիկական արսենալի պակաս է զգացվում», - այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց փորձառու մասնագետը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Լեւոն Ջուլֆալակյանը նշեց, որ հավաքականի անդամներին մեկ ամիս հանգիստ է տրված, իսկ հունիսի 10-ից թիմը կրկին կհավաքվի եւ կսկսի պատրաստվել Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը. «Մինչեւ աշխարհի առաջնությունը մենք կանցկացնենք հինգ ուսումնամարզական հավաք, կմասնակցենք երկու միջազգային մրցաշարերի՝ Վրաստանում եւ Լեհաստանում»: Այն հարցին, արդյոք աշխարհի առաջնությանը կլինեն փոփոխություններ հավաքականի կազմում, Լեւոն Ջուլֆալակյանն ասաց, որ ամեն ինչ կապված է նրանից, թե ընբիշներն ինչպես իրենց կդրսեւորեն գալիք հավաքներում եւ միջազգային մրցաշարերերում: Ինչ վերաբերում է իր որդուն՝ աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին, որը այս տարի երկու անգամ պարտվել էր հենց Կարապետ Չալյանին, ապա ըստ մարզչի նա արդեն սկսել է սիստեմատիկ մարզումները եւ պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանին: