Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» աջակցել է ՀՖՖ-ին, իսկ «Ալաշկերտը»՝ սպառնացել

Սպորտ
a1hjfutbol-skandal

«Բանանց» - «Շիրակ» ֆուտբոլի խաղի շուրջ ծագած սկանդալի կապակցությամբ հայտարարությամբ հանդես են եկել Երեւանի «Ալաշկերտն» ու «Փյունիկը»: Մասնավորապես՝ Հայաստանի գործող չեմպիոնի հիմնադիր նախագահ Բագրատ Նավոյանը ակումբի պաշտոնական կայքով ասել է հետեւյալը. «Լինելով Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոն հանդիսացող ֆուտբոլային ակումբի նախագահը, շատ մտահոգված եմ հայկական ակումբային ֆուտբոլը ցնցած վերջին նորություններով: Ստացվում է, որ նման արատավոր երեւույթների հետեւանքով կարող են ջուրն ընկնել մեր այսքան տարիների ընթացքում կատարած հսկայածավալ գործունեությունը, ներդրումները եւ դրանցից բխող ակնկնալիքներն ու հաջողությունները: Թող որ սա լինի վերջին այսպիսի դեպքը հայկական ֆուտբոլում: Հակառակ պարագայում, ես ստիպված կլինեմ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի բոլոր թիմերը հանել Հայաստանի առաջնություններից»: Իսկ ահա «Փյունիկ» ակումբը, որը նախկինում պատկանում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, լիովին կողմ է ֆեդերացիայի կայացրած որոշման հետ, այն է՝ «Շիրակ» ակումբից հանել 12 միավոր: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կտրականապես դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը։ Այս հարցում մենք աջակցում ենք ՀՖՖ Կարգահապական կոմիտեի որոշումը։ Մեր հերթին բոլոր ակումբներին կոչ ենք անում կենտրոնանալ ոչ թե վեճերի վրա, այլ անել ամեն բան, որպեսզի նման դեպքերը հետագայում չկրկնվեն։ Բարձրագույն խմբում հանդես եկող բոլոր թիմերը պետք է հասկանան, որ եթե մենք չկարողանանք կանխել նման երեւույթները, ապա ամբողջ հայկական ֆուտբոլը կտուժի», - ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ: Այն, որ այս ակումբներն անդրադարձել են այդ սկանդալին, զարմանալի չէ: Բանն այն է, որ եթե ՀՖՖ-ն «Շիրակից» 12 միավոր հանելու վերջնական որոշում կայացնի, ապա «Ալաշկերտը» լավ հնարավորություն կստանա երրորդ տարին անընդմեջ դառնալ Հայաստանի չեմպիոն եւ ֆինանսական նոր ակնկնալիքներ սպասել չեմպիոնների լիգայի մրցաշարից: Ինչ վերաբերում է «Փյունիկին», ապա ակումբը կարող է եվրոպական ուղեգիր նվաճելու նոր շանս ստանալ, քանի որ «Շիրակ» ակումբն իր հերթին հայտարարել է, որ եթե ֆուտբոլի ֆեդերացիան չվերանայի որոշումը եւ չմեղմացնի պատիժը, ապա իր բոլոր թիմերով դուրս կգա Հայաստանի առաջնությունից, ուստի մեր առաջնությունում կբացվի եվրոգավաթային մեկ թափուր տեղ, որը կարող է զբաղեցնել հենց երեւանյան ակումբը: Հուսանք, որ վերը նշված ակումբների ղեկավարները չեն առաջնորդվում լոկ իրենց  նեղ, անձնական շահերով, եւ իրոք մտահոգված են հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակով: Մնում է բոլոր կողմերն ազնիվ գտնվեն եւ ՖԻՖԱ-ի կողմից հաստատված «Ազնիվ խաղի» կանոններով առաջնորդվեն: Մասնավորապես՝ եթե «Շիրակը» հանկարծ դուրս գա առաջնությունից, ապա «Փյունիկը» պետք է հրաժարվի եվրոգավաթային ուղեգրից, քանի որ ակումբը չի նվաճել այդ իրավունքը: Եւ այսպես շարունակ: