Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը եւ ինչպե՞ս ». վերլուծում է հոգեբանը (տեսանյութ)

Քաղաքականություն
hogeban

Հայաստանում իրավիճակը նման էր սեղմված զսպանակի: Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանը նշում է . «Վերջին տարիներին մարդիկ սպասում էին բարեփոխումների, բայց սոցիալական ծանր վիճակը միշտ չէ, որ բերում է հեղափոխության: Մարդիկ իրենց ճմլված էին զգում, անտեսված: Այ սա ամենավտանգավորն է: Բավական է մարդուն տալ հնարավորություն  իր բողոքը ներկայացնելու»: Պահը հասունացավ, առիթն էլ Սերժ Սարգսյանի խոստման խախտումն էր, երբ խոստացավ չղեկավարել երկիրը իբրեւ վարչապետ, բայց առաջադրվեց եւ ընտրվեց։ «Սահմանադրությունը սարքվեց մեկ անձի համար: Մեկ չէր ուզում, մեկ ուզում էր, կամ ասում էր, թե իբր ՀՀԿ-ն է ուզում: Այդ 55 հոգին ավելի կարեւոր էր, քան ժողովուրդը»: Քաղաքացիական անհնազանդության շարժման առաջամարտիկները դարձան երիտասարդները։ «Երիտասարդները ծանրաբեռնված չեն բիզնեսով կամ այլ հոգսերով: Ավագ սերունդն  ուներ մտավախություն, երիտասարդները կորցնելու ոչինչ  չունեին»:  Երիտասարդները իրենց պիտանի զգացին եւ կարեւորեցին  իրենց դերը։ «Իրենց տրվեց աշխատանք, ընդհուպ մինչեւ փողոց փակելը: Նրանք ինքնարտահայտման հնարավորություն ստացան, հանրային գործ են անում»,- ասում է Արմեն Բեջանյանը: Նիկոլ Փաշինյանը ձեւավորեց հեղափոխականի կերպար: Ըստ Արմեն Բեջանյանի, թիմը լավ աշխատեց: «Եթե համեմատենք այլ առաջնորդների հետ, Նիկոլ Փաշինյանը  խարիզմայի առումով զիջում է: Բայց  ձեւավորվեց  կերպար ու ժողովուրդը տեսավ փրկչի: Ժողովուրդը դուրս էր եկել իր խնդիրները բարձրաձայնելու»: Սերժ Սարգսյանին չօգնեց  անգամ շախմատ խաղալը: «Այնքան էին իրեն ասել, թե լավ շախմատ է խաղում, որ հավատացել էր:  Ինքը ձեւավորել էր մի թիմ, որը զբաղվում էր մարդկանց փչացնելով»: Արդյոք չկա նման մտավախություն Նիկոլ Փաշինյանի հետ կապված: «Իհարկե կա եւ դա օրինաչափ է: Ցանկացած հեղափոխական , երբ  գիտի իրեն ինչ է սպասվում, պետք է կարողանա դիմակայել»,- հավելեց հոգեբանը: Արմեն Բեջանյանը մասնագիտական վերլուծություն է անում: Հեղափոխությունը հոգեբանասոցիալական  փուլեր ունի: Հիմա  եկել է խոստումների շրջանը: Եթե Նիկոլ Փաշինյանի թիմը կարողանա փոփոխությունների ժամանակացույց  նշել, ապա Հայաստանի զարգացումն իրական կլինի: