«Հեռուստաընկերությունների  մեծ մասը  դարձավ իշխանությունների  խոսափողը» (տեսանյութ)

Մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց կա. մամուլի ազատության միջազգային օրն արձանագրում են  հայաստանյան կազմակերպությունները:

Քաղաքացիական անհնազանդության շարժման ընթացքում թիրախում հայտնվեցին լրագրողները:

«Բոլոր խախտումները, ֆիզիկական ճնշումները  եղան  մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը », – ասում է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Բողոքի ակցիաների ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 16 դեպք  արձանագրվեց։ Միայն 2 դեպքում  խոչընդոտումն  առանց ֆիզիկական բռնության էր:  9 դեպքում էլ  լրագրողները տուժեցին  հրմշտոցների եւ հատուկ միջոցների կիրառման արդյունքում:

«Մեղավորները պետք է պատժվեն: 1-2 դեպք կարող ենք հիշել, որ լրագրողին ծեծողը պատասխանատվության է ենթարկվել »,- ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար  Շուշան Դոյդոյանը:

Հեռուստաընկերությունների աշխատանքն այս օրերին չի գոհացրել մեդիա փորձագետներին:

«Նրանց ճնշող մեծամասնությունը դարձավ ուժային կառույցների տրիբունան:  Հենց զգում էին, որ  կշեռքի նժարը թեքվում է, նրանք փոխում էին ակցենտը »,- նշում է Աշոտ Մելիքյանը:

Շուշան Դոյդոյանի կարծիքով, հեռուստաընկերություններն  իրեն դրսեւորեցին  բավականին գորշ:  «Հատկապես խոսքս  ուղղում եմ հանրային հեռուստաընկերությանը»:

Փորձագետները համոզված են՝  հեռարձակման ոլորտում արմատական փոփոխություններ են պետք:

«Այսպիսի հեռուստաեթեր այլեւս հնարավոր չէ հանդուրժել: Հնարավոր չէ ունենալ այսպիսի հանրային հեռուստատեսություն:  Էլ չեմ ասում որոշ մասնավոր հեռուստաընկերությունների մասին, որոնք փորձեցին Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ »,-նշում է ԽԱՊԿ նախագահը:

Աշոտ Մելիքյանի խոսքով, այս օրերի իրադարձություններն  ակտիվ լուսաբանում էր հատկապես օնլայն մեդիան:

«Մի իրականություն էին  ցույց տալիս  հեռարձակողները, մեկ այլ իրականություն էր օնլայն տիրույթում: Ինչ խոսք, օնլայնն  իր օպերատիվությամբ եւ ուղիղ հեռարձակմամբ ավելի շատ լսարան էր գրավում»:

Մամուլին զուգընթաց այս օրերին զարգացավ քաղաքացիական ժուռնալիստիկան:

«Մարդիկ ուղիղ եթեր են մտնում, ինֆորմացիա են հաղորդում: Այն քաղաքացիները,  ովքեր  լայֆ են մտնում, երբ ունենան համապատասխան լրագրողական կրթություն, այլեւս  նրան հասնել չի լինի »,-վստահեցնում է Շուշան Դոյդոյանը:

Լրագրողներ առանց սահմանների միջազգային  կազմակերպության հրապարակած վերջին տվյալներով  Հայաստանը 1 բալով հետընթաց է գրանցել:  Մամուլի ազատության  համաշխարհային ինդեքսը  նախորդ տարվա 79 միավորի փոխարեն այս տարի 80 է: