Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում ենք դադարեցնել այս ստոր տեղեկատվական «արշավը». Վահրամ Բաղդասարյանի գրասենյակ

Պաշտոնական
vahram-baghdasaryan

Վահրամ Բաղդասարյանի գրասենյակից հայտնում են. Երեկ ամբողջ համացանցը ողողված էր ստահոդ ու անբարո ապատեղեկատվությամբ, թե իբր Վահրամ Բաղդասարյանը, ով ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Լոռու մարզից, ով վաստակել է Լոռու  և, հատկապես, Վանաձորի բնակիչների վստահության քվեն իր հեղինակության, հարգանքի ու կատարված աշխատանքի շնորհիվ, գործադուլ հայտարարած «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակցուհիների հասցեին անպարկեշտ է արտահայտվել: Առաջարկում ենք այդ ստոր ապատեղեկատվությունը տարածողներին իրենց մեջ գտնել խորը և հեռու թաքցրած տղամարդկությունը և բարձրաձայնել այդ մասին, այդ դեպքում նրանք մեծահոգաբար կարժանանան ներման, իսկ եթե ոչ, ապա այդ անպարկեշտ արտահայտությունը իրենց, իրենց ընտանիքների և իրենց սատարողների /եթե այդպիսիք կան/ ամենապարզ բնութագիրն է: Վահրամ Բաղդասարյանը պաշտոնապես հայտարարում է, որ երբևէ ոչ մի պարագայում իրեն թույլ չէր տա նման արտահայտություն անել իր համաքաղաքացիների նկատմամբ, որոնցից շատերն իր ազգականներն են և շատերի աշխատանքի տեղավորման համար ինքն անձամբ է միջնորդել «Գլորիայի» ղեկավարությանը կամ,  առհասարակ, իգական սեռի որևէ ներայացուցչի նկատմամբ: Նկատենք նաև, որ որևէ տեղ չէր էլ նշվում, թե որտեղ կամ ինչ պայմաններում ու ում ներկայությամբ է Վահրամ Բաղդասարյանն արել այդ արտահայտությունը, քանի որ դա ընդամենը ցնորված երևակայության հորինվածք է: Մենք սա որակում ենք անբարոյականության ամենացածր, նենգ ու ստոր դրսևորում, չի կարելի, ելնելով քաղաքական իրավիճակից, փորձել ստվերել հարգանք ու սեր վայելող մարդու հեղինակությունը: Ինչ-որ ժամանակավոր նպատակների իրագործման համար չի կարելի մարդկանց միջև սերմանել ատելություն, դա առնվազն անպարկեշտություն է: Ինչ վերաբերում է հաջորդ ապատեղեկատվությանը, թե իբր ինչ-որ մարդիկ են հավաքվել Վահրամ Բաղդասարյանի Վանաձորի տան մոտ և քարերով կոտրել ապակին, ապա հայտարարում ենք, որ սա 2-րդ ստահոդ լուրն է, որը ևս, հավանաբար, տարածվել է նույն հեղինակների կողմից: Խորհուրդ ենք տալիս հեքիաթագիրներին զբաղվել ավելի լուրջ գործով, փնտրել ավելի լուրջ հիմքեր Վահրամ Բաղդասարյանի անհերքելի հեղինակությունը պախարակելու համար, որը նա, կրկնում ենք, վաստակել է միայն ու միայն վանաձորցիների, լոռեցիների համար արված  իր ազնիվ աշխատանքով, քանի որ նման թյուր ու հիմար հերյուրանքները ոչ միայն ձեզ պատիվ չեն բերում, այլև ի ցույց են դնում ձեր փոքրոգիությունը: Պահանջում ենք դադարեցնել այս ստոր տեղեկատվական «արշավը», այն, ինչ ձեռք է բերվել բարի գործերով, կառուցվել է սիրո, հարգանքի հիման վրա, նման հիմարություններով չի քանդվի: Աստված բոլորիս պահապան: