Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելքը» վերադառնում է ԱԺ. Վաղը ակցիաներ չեն լինելու (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol1

20. 35  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ելույթ էր պատրաստել, սակայն քաղաքական իրադարձություններն այլ շրջադարձ ունեցան, և այն ինչ պատրաստել էր ասելու համար, արդեն ժամանակավրեպ է: Խոսելով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ պատգամավորների պահվածքն ուներ երեք հիմնական նպատակ: «Առաջինը՝ հույս ունեին, որ հարցուպատասխանի ընթացքում չգիտեմ ինչ է տեղի ունենալու, որ ժողովուրդը փոխելու է կարծիքը իմ և մեր շարժման մասին: Դա չաշխատեց: Երկրորդ՝ նրանք հույս ունեին, որ իրենց պահվածքով կբորբոքեին ժողովրդին, և հնարավոր կլիներ սադրանքներ կազմակերպել, դա նույնպես չաշխատեց: Երրորդը՝ հույս ունեին իրենց դեմ քվեարկելով՝ ժողովուրդը կհուսահատվի, «թան էլ չէ, փռթած մածուն» ձեզ»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ այն, ինչն այսօր տեղի ունեցավ Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում, աննախադեպ էր մեր շարժման համար՝ ծավալներով, մասշտաբներով. «Այսօր Երևանում և ՀՀ-ում չի եղել ոչ մի բաց ճանապարհ»: Խոսելով վաղվա անելիքների մասին, Փաշինյանն ասաց, որ վաղը ո՛չ Երևանում, ո՛չ Հանրապետության մարզերում անհնազանդության գործողություններ չեն իրականացվելու:  «Եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրության երկրորդ փուլում ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի խնդիրը գործնականում լուծված է, բայց սրանք բանավոր հայտարարություններ են: Անհրաժեշտ է վաղը անել կոնկրետ գործողություններ, պատրաստել փաստաթղթեր, համապատասխան փաթեթ և ի վերջո Հանրապետական խմբակցության հայտարարությունից հետո ավելի մանրամասն տեղեկանալ «ՀՀԿ» խմբակցության դիրքորոշումների մասին»,- նշեց նա: Փաշինյանը հայտարարեց, որ վաղը իրենք Ազգային ժողովում փորձելու են հավաստիանալ, որ ՀՀԿ-ի հայտարարությունները երաշխավորված են: «Մենք մեր զգոնությունը չպետք է կորցնենք: Տեսականորեն կարող են իրադարձություններն այնպես զարգանալ, որ վաղը օրվա երկրորդ կեսին անհրաժեշտություն լինի հավաքվել: Տեղյակ կպահեմ, թե ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ նորմալ ընթացավ, մենք պատրաստվում ենք վարչապետի ընտրություններին: Բոլոր դեպքերում վարչապետի ընտրությունների օրը հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:   20 25 Այնուհետև ելույթ ունեցավ Եվրոպայի ձյուդոյի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած և ադրբեջանցի մարզիկին հաղթած Ֆերդինանդ Կարապետյանը: Ասաց, որ այդ գլխավոր հաղթանակին գնալուց առաջ խնդիր էր դրել՝ ամեն գնով, անգամ մեռնելու, հաղթել իր ադրբեջանցի մրցակցին, քանի որ, Աստված մի արասցե, պարտվելու դեպքում ամաչելու էր նայել իր ժողովրդի աչքերին:  Ապա մարզիկն ասաց, որ որոշում ունի այդ մեդալը հանձնել Նիկոլ Փաշինյանին:Նիկոլ Փաշինյանը սակայն ետ վերադարձրեց մեդալը, ասելով որ այն իրավամբ պատկանում է մարզիկին:  20.05 Դավիթ Սանասարյանն իր ելույթում պաշտոնապես հավաստիացրեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի վերաբերյալ մինչ այժմ հնչեցրած հայտարարությունները աննախադեպ էին, և իշխանությունները մինչ այժմ շատ ավելի ցածր նշաձող են սահմանած եղել: «Սիրելի՛ արցախցիներ, եկե՛ք այս հրապարակ և տեսե՛ք Արցախը ազատագրած հրամանատարներին. իրենց ջոկատներով ժողովրդի մեջ են»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը: 19.50 Կարգին Հայկոն բուռն ծափահարությունների և բացականչությունների արժանացավ, երբ ՀՀԿ-ի մասին արտահայտվեց իր կատարած դերերից մեկի հերոսի հայտնի  խոսքերով. «արա, ոնց եմ ես ձեզանից զզվուուում»: «Երեկ ամբողջ ազգը հետևում էր ԱԺ նիստին, մտքովս մի բան անցավ՝ ա՛յ ձեր ցավը տանեմ, 10 տարի ա, տանջել եք, էս 8 ժամն է՞լ պետք ա տանջեք»,- ասաց դերասան Հայկ Մարությանը: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս է՝ փաստացի ղեկավարում է երկիրը. 19.39 Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը: Այն սկսվեց Ազատության ջահը վառելով: ԵՊՀ ուսանող Վահան Կոստանյանն իր ելույթում անդրադարձավ երեկ ԱԺ պատգամավորների կողմից երիտասարդների և ուսանողների ցույցերին մասնակցության մասին հայտարարություններին: «Այդ հարթակից երկար ժամանակ չէր խոսվում ուսանողության մասին, երբ հիմնահատակ ավիրվում էր մեր բարձրագույն կրթության համակարգը, և համալսարանները լցվում էին հանրապետականներով»,- նկատեց նա: Նա հիշեցրեց, որ դասադուլ անող ուսանողների առաջ դռներ էին փակվում, իսկ դասախոսների աշխատավարձերը չէին վճարում՝ պատճառաբանելով, որ լսարաններում ուսանող չկա. «Այդ ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորները լուռ էին: Նրանք այսքանից հետո համարձակվում են հայտարարել, որ ուսանողները քաղաքական գործիչներ չեն և մոլորված են: Ես կոչ եմ անում գալ հրապարակ և տեսնել, որ այստեղ լրիվ այլ իրադրություն է: Այստեղ մենք կանգնած ենք նոր Հայաստանում, և սա սիրո ու համերաշխության հեղափոխություն է»,- ասաց Վահան Կոստանյանը: