Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես չեմ տեսնում Ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled6

ԱԺ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց. «Այսօր շատ կարեւոր օր է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ ամբողջ հայության կյանքում. ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, որը դե ֆակտո նաեւ գերագույն գլխավոր հրամանատարն է եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով գլխավոր բանակցողը։  Այո՛, նոր իրողություններ են, նոր իրավիճակ։ Չեմ ժխտում, միեւնույն ժամանակ՝ հարկ եմ համարում նշել, որ իշխանությունն այս օրերին ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն, զսպվածություն եւ հասարակությունը «մերոնքների» եւ «ձերոնքների» չբաժանելու գործելաոճ: Անկախ այն բանից՝ Դուք դա ընդունում եք, թե՞ ոչ, դա այդպես է: Պատմությունն ամեն ինչ եւ ամեն մեկիս կդնի իր տեղը: Մենք չենք գնացել ժխտողական ճանապարհով, պատրաստ ենք եղել եւ պատրաստ ենք երկխոսության, բայց ոչ երբեք վերջնագրերի: Հայաստանում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չպետք է ունենան: Մենք պարտավոր ենք հարգել բազմակարծությունը, այլակարծությունը, ինձ համար անընդունելի է որեւէ ճնշման միջոցով փորձել ազդել որեւէ պատգամավորի կարծիքի վրա, պրեսսինգն անթույլատրելի է: Մենք այստեղ բոլորս հանրության ընտրյալներն ենք եւ յուրաքանչյուրս մեր խղճի մտքով կընտրենք մեր վարչապետին՝ դեմ կամ կողմ քվեարկությամբ»,- ասաց Շարմազանովը: Անդրադառնալով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ նա ընդգծեց, որ այսօր ոչ թե համաժողովրդական տրիբուն կամ լավ հռետոր, այլ գործադիր իշխանության ղեկավար են ընտրում, որը նախ եւ առաջ պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ եւ քաղաքական հստակ գաղափարախոսությամբ. «Կանխատեսելի՝ նշանակում է հայեցակարգային հարցերում լինել հետեւողական եւ անփոփոխ: Ձեր ընտրվելու պարագայում ո՞վ է լինելու առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, պաշտպանության, ֆինանսների նախարար, ԱԱԾ ղեկավար, ոստիկանապետ, ո՞վ, ովքե՞ր, պատասխան չկա: Ընդամենը մի քանի ամիս առաջ Դուք եւ «Ելք» խմբակցությունը պահանջում էիք դուրս գալ ԵՏՄ-ից, այսօր ասում եք՝ իրողություն է փոխվել: Կներեք, երբ մենք էինք խոսում իրողության փոփոխության մասին, մեզ մեղադրում էիք ստախոսության մեջ: Կարծում եմ՝ առնվազն արդար չէ: Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Դուք որեւէ հայեցակարգ չներկայացրիք՝ ինչպե՞ս եք բանակցելու, որն է Ձեր փոխզիջման գինը, գնալո՞ւ եք փոխզիջումների, թե՝ ոչ, ի՞նչ է լինելու 7 ազատագրված տարածքների ճակատագիրը: Ասում եք՝ ռազմական բյուջեն կավելացնեք, ինչպե՞ս, ես այդ հարցի պատասխանը չստացա»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը: Էդուարդ Շարմազանովի խոսքով քաղաքական գործիչների համար ամենակարեւորը գաղափարախոսության առկայությունն է. «Անհնար է լինել մի քիչ սոցիալիստ, մի քիչ պահպանողական, մի փոքր էլ լիբերալ, քաղաքական գործիչը պետք է ունենա հստակ գաղափարախոսություն: Այդպես է քաղաքակիրթ աշխարհում: Հույս ունեի լսել վարչապետի թեկնածուի հայեցակարգային ելույթ, բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծրագրային ելույթի: Մենք եւս մտահոգ ենք մեր երկրում առկա խնդիրներով, մենք չենք ժխտում, որ մեր երկրում կա կոռուպցիա ու անարդարություն, եւ անկախ նրանից, թե ով կլինի վաղվա իշխանությունը, մենք պետք է ոչ թե խոսենք վերջնագրերով, այլ երկխոսության գնանք: Իմ գնահատականները բացառապես քաղաքական են եւ այստեղ չկա որեւէ անձնական վերաբերմունք: Պարոն Փաշինյան, ինչպես երեկ, այսօր էլ Դուք ինձ չհամոզեցիք, ես չեմ տեսնում Ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում: Ինչպես ապրիլի 17-ին՝ այսօր էլ խոսքս ուզում եմ ավարտել հետեւյալ խոսքերով. եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, մեզ պետք է ուժեղ, միասնական, ժողովրդավարական ու ազգային Հայաստան: Աստված պահապան Հայաստանին եւ հայ ազգին»,- իր խոսքն ամփոփեց Շարմազանովը: