Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ մայրը 5 երեխայի հետ մասնակցում է ակցիաներին (տեսանյութ)

Քաղաքականություն
erexa

Այվազյանների ընտանիքը  քաղաքացիական անհնազանդության  շարժման առաջին օրերից  հրապարակում է: Վստահ են, վաղն ուրիշ Հայաստանում են ապրելու: «Ամեն ինչ փոխվել ա, առաջ մտածում էին, թե կարող են մարդկանց  ճնշել, բայց այս ամբոխին տեսնելով , արդեն իրենք էլ են մտածում, որ չի կարելի»,- ասում է Զավեն Այվազյանը: Սուրենն ու Նարեկը  կատարվածը լավ չեն հասկանում, բայց այս ամենն իրենց համար է, վստահեցնում է երեխաների մայրը: «Ուզում եմ լավ հայրենիքում ապրեն, չեմ ուզում արտագաղթեն, եղել է պահ, որ ուզել ենք լքել Հայաստանը»: «Փոքրիկներս՝ Արթուրն ու Վիկան  չեն ուզում արտագաղթել, բայց ներկայիս կառավարությունն այդպես է ուզում», -նշում է Հռիփսիմե Ստեփանյանը: Նաիրա Անդրեասյանն իր աղջկա հորդորով է առաջին անգամ եկել հրապարակ: «Մենք առաջին օրից  5 բալիկներիս հետ այստեղ ենք: Մեծերն  առաջին շարքերում են, ես այստեղ՝ փոքրերի հետ»: Ծնողները վստահեցնում են, որ  փոքրիկները  չեն տրտնջում  ամբողջ օրը փողոցում լինելով։ «Դժվար չի բալիկի հետ, ակտիվ գոռում ա Նիկոլ,  նույնիսկ ռեժիմն ա կարգավորվել, քնում ա լավ:  Հույս ունենք, որ երկրում շատ բան ա փոխվելու»,-ասում է Նաիրա Անդրեասյանը: Մարգարիտա Կարապետյանն էլ է առաջին օրվանից  մասնակցում թոռնիկի հետ: «Հենց դուրս ենք գալիս, ասում է՝ տատիկ, գնո՞ւմ ենք Հայաստան»: Մասնագիտությամբ լեզվաբան  Քնարիկն ակցիաների է գալիս միակ որդու՝ Սարգսի հետ: «Մենք սկսեցինք մասնակցել մեր երեխայի լավ ապագայի համար, որովհետեւ ինչ-որ պահի արգելք տեսանք:  Ինչ-որ մակարդակի ես հասնում ու չես կարողանում աճել»: Ընտանիքը համալրելու մասին մտածում է, միայն թե պայմաններ լինեն: «Եթե լավ երկրում ապրենք, ու եթե լավ պայմաններ լիներ հնարավորություն կլիներ երկրորդ երեխան ունենալ»:  Ի դեպ. երեխաները, որոնցից շատերը դեռ սահուն չեն խոսում, յուրատեսակ ակցիաներ են անում՝ գոչելով միացե~ք, Հայաստա~ն: