Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի զարգացումները կապված չեն արտաքին քաղաքական կողմնորոշման հետ».Ամերիկայի ձայն

Քաղաքականություն
nikol-pashinyan

Հայաստանում ընթացող զարգացումներն ունեն իրենց առանձնահատկություններն ու նմանությունները հետխորհրդային հեղափոխական այլ զարգացումների հետ:
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայաստանյան շարժումը անցում է կատարել հաջորդ փուլ: Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ այժմ ընդդիմության գործողությունները ուղղված են ընդհանուր Հանրապետական կուսակցության դեմ: Հայաստանում ընթացող հեղափոխական շարժումն ունի իր որոշակի նմանությունները հետխորհրդային մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում, տեղի ունեցած նմանատիպ զարգացումների հետ: Սակայն հեղափոխության հայկական տարբերակն ունի իր առանձնահատկությունները: «Հայաստանում այս իրավիճակը կապված չէ դեպի Արևմուտք կամ Արևելք արտաքին քաղաքական կողմնորոշման հետ, ինչպիսին էր այն Ուկրաինայում: Հայստանում  մարդիկ ուղղակի հոգնել են անարդյունավետ կառավարումից»,- նշում է քաղաքագետ Կարինե Գևորգյանը: Ըստ վերլուծաբան Անահիտ Շիրինյանի, Սերժ Սարգսյանը Մոսկվայի դրածոն չէր: «Սարգսյանին ընդունում էին նաև Արևմուտքում, քանի որ նրանց թվում էր, որ նա փորձում է վարել բազմակողմանի արտաքին քաղաքականություն: 2008 թվականին նա նախաձեռնել էր Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը, 2013-ին էլ փորձում էր ավարտին հասցնել ասոցացման պայմանագրի ստորագրումը Եվրամիության հետ»,- նշում է Շիրինյանը: Արդյունքում, ինչպես հիշում ենք, Մոսկվայի ճնշման ներքո պայմանագիրն այդպես էլ չստորագրվեց: Փոխարենը Հայաստանը անդամակցեց Եվրասիական միություն: Չնայած դրան՝ ըստ քաղաքագետ Գևորգյանի, Ռուսաստանը ամբողջապես չկարողացավ հաստատել իր ազդեցությունը Հայաստանում: Դրա վառ վկայությունն է դեռևս Սարգսյանի օրոք անցած տարի Եվրամիության հետ ստորագրած համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Կարծում եմ դա տեղի ունեցավ, քանի որ Ռուսաստանը ինքը սկսեց լքել Հայաստանի քաղաքական դաշտը: Փոխարենն այլ երկրներ ի դեմս ԱՄՆ-ի ու Եվրամիության գործում էին այստեղ բավականին զգույշ ու ակտիվ»,- նշում է Գևորգյանը: Քաղաքագետ Անահիտ Շիրինյանը կարծում է, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական խաչմերուկում, և դա լավ հնարավորություն է ավելի սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ: Նրա կարծիքով Եվրամիությունը զգալի աջակցություն կցուցաբերի Հայաստանին, որը իր զարգացման հաջորդ փուլը պետք է սկսի բարեփոխումներից: Դեռևս պարզ չէ հայաստանյան զարգացումներում Մոսկվայի ներգրավվածության աստիճանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Կարապետյանի հետ հեռախոսազրույցից հետո հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը ընդգծել են, որ «Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը»: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Մոսկվա, ուր հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը: Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպել է ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպումից հետո ամերիկյան կողմի հրապարակած հաղորդագրությունը մասնավորապես նշում է, որ Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: ԱՄՆ-ը համոզված է, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»,- նշված է հաղորդագրության մեջ: