Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կա՛մ վարչապետ կընտրվեմ ես, կա՛մ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի. Փաշինյան (տեսանյութ)

Հասարակություն
MHM0121342

«Իմ քայլը» նախաձեռնությունը վաղը Երևանում հանրահավաք չի անի: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ժամը 18:00-ին պետք է հանրահավաք անեն ոչ թե Երևանում, այլ Գյումրիում: Ըստ նրա՝ Երևանում վաղվա համար բոլոր գործողություններն առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երևանի ակտիվիստները 1-2 օր հանգստանան, ուժերը վերականգնեն, բայց եթե կան մարդիկ, որոնք իր նման հանգստանալու կարիք չունեն, ապա վաղը ժամը 15:00-ին, հավաքվեն Աշտարակի խճուղու մոտ ու գնան ավտոերթով դեպի Գյումրի: «Հույս ունենք, որ գյումրեցի մեր ընկերները մեզ կդիմավորեն Շիրակի մարզի մուտքի մոտ: Վաղվա երևանյան գործողությունները չենք իրականացնելու մեկ նպատակով՝ ապրիլի 29-ին և 30-ին, մայիսի 1-ին, մեր գործողությունները Երևանում վերականգնվելու են աննախադեպ թափով»,- ասաց նա: Նա նաև նշեց, որ մյուս օրը  հանրահավաք կանեն Վանաձոր քաղաքում: ----------------- 20.20 Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց. «Արդեն բավականին երկար ժամանակ մենք պնդում ենք որ ՀՀ-ում դե ֆակտո տեղի է ունեցել ինշխանափոխություն, Հայաստանում գոյություն ունի նոր իշխանություն և այդ իշխանությունը դուք եք, և այսօր այս փաստը, այս արձանագրումը  հաստատվեց մի հետևյալ փաստով։ Երեկ երեկոյան, երբ մենք բազմաթիվ ահազանգեր ստացանք, որ մայրաքաղաքում բազմաթիվ առանց պետհամարանիշերի մեքենաներ կան, մենք որոշեցինք արագ լուծել այդ խնդիրը մեր շարժման ակտիվիստների միջոցով և ընդամենը կես ժամ, մի ժամ հետո Երևան քաղաքում չկար ոչ մի առանց պետհամարանիշի մեքենա։ Ես ներողություն եմ խնդրում, որ ավելի վաղ և ավելի արագ չենք լուծել այդ խնդիրը, բայց դա կապված էր ընդամենը մի պատճառի հետ, ամբողջ օրը ես և իմ ընկերները մի հսկայական պարագծով երթ ենք իրականացրել  և զբաղված ենք եղել զբաղվել այդ երթով և պարզապես սկզբից տեղյակ չենք եղել ապա և ժամանակ չենք ունեցել զբաղվել այդ հարցով։ Բայց կարևոր է, որ խնդիրը լուծված է։ Կարեն Կարպետյանը չի կարող այդ խնդիրը լուծել, դուք կարող եք դա լուծել։ Հաջորդը՝ երեկ այս հրապարակում ձեր կողմից ես առաջադրվեցի, որպես ժողովրդի վարչապետի թեկնածու, սա շատ պատասխանատու կարգավիճակ է և բնականաբար մենք ակնկալում ենք, որ ԱԺ-ի խմբակցությւնները կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը։ Բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք մեկ խնդիր։ Խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ Հայաստանում մասնատված, կոռումպացված և հակաժողովրդական համակարգը վերացնելը։ Հիմա բնականաբար կան տարբեր մեսիջներ, առաջարկներ, գործարքի առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված և հակաժողովրդական համակարգի հետ որևէ կոմպրոմիս լինել չի կարող։ Մեք այսօր հստակ քննարկել ենք մեր մեծ թիմով, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությամբ, Իմ քայլը, Մերժիր Սերժին  նախաձեռնություն, ուսանողական շարժման ներկայացուցիչներ, որ այս համատեքստում պաշտոնների բաժանման, գործարքների, առևտրի, ոլորտների կիսման մասին որևէ խոսք լինել չի կարող։  Եվ ես ուզում եմ ժողովուրդը շատ հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության ։ Նրա խոսքով՝ կոռումպացված ու հակաժողովրդական համակարգի հետ որևէ կոմպրոմիս լինել չի կարող, իրենք ՔՊ կուսակցությամբ ու  նախաձեռնություններով, ուսանողական շարժման հետ քննարկել են, որ պաշտոնների բաժանման մասին խոսք լինել չի կարող. «Ուզում եմ ժողովուրդը հստակ արձանագրի՝ մենք չենք գնալու կուլիսային պայմանավորվածության, նաև այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը հրապարակի ժողովուրդն է, որևէ գործարք չի լինելու ժողովրդի թիկունքում: Եվ ես կա՛մ վարչապետ կընտրվեմ  ժողովրդի պահանջով, կամ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի: Ուզում եմ հստակ արձանագրել՝ մեր շարժման որևէ արժեք, ձեռքբերում մեր բարձրությունից 1 մմ անգամ չի իջնելու, մենք բարձրանալու ենք ու միայն բարձրանալու ենք, և ուրեմն մենք ակնկալում ենք, որ բոլոր խորհրդարանական խմբակցությունները ժողովրդի հաղթանակն ընդունեն առանց նախապայմանների»: Որովհետև նաև այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը, որևէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքի ետևում։ Եվ ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով,  ժողովրդի աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապես չի ընտրվի։  Ես ուզում եմ, որ մենք բոլորս վստահ արձանագրենք, մեր այս ոգեղեն շարժման որևէ արժեք մի միլիմետր անգամ չպետք է տուժի։ Եվ որևէ մեր ձեռք բերում մեր բարձրությունից մի միլիմետր անգամ մենք չենք իջնելու, բարձրանալու ենք, բարձրանալու ենք, բարձրանալու ենք։ Եվ ուրեմն, մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները ժողովրդի հաղթանակը ճանաչեն անվերապահորեն, առանց պայմանների, առանց նախապայմանների։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա, որովհետև ժողովուրդը հաղթել է և ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե յուրե ։ ՀՀ վարչապետի ընտրությունը  տեղի է ունենալու մայիսի 1-ին, հետևաբար, մենք հավաքում ենք մեր ուժերը, կենտրոնացնում ենք մեր ուժերը, որպեսզի մեր քայլի հաջորդ փուլը մայիսի 1-ն է և այդ օրը ՀՀ ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունը, ամբողջ թափով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախորդ քննարկումը ձախողեց, քանի որ Կարեն Կարապետյանը չի ներկայացնում իրենց: Նա նշեց որ ՀՀԿ-ն կուսակցական ժողով է արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ և եկել ընդհանուր հայտարարի, որ Կարեն Կարապետյանին լիազորեն որպես բանակցող: «Մենք այդ որոշումն  ընդունում ենք ի գիտություն, և ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում բանակցային գործընթացը շարունակել մեր առաջարկած օրակարգի շրջանում: Ես վաղը ժամը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը»,-ասաց նա: Փաշինյանը շեշտեց, որ ունեն մեկ կոնկրետ պայման, ինչպես Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ են քննարկում։ 20.07  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ահազանգեց, թե ժողովրդի ձեռքից փորձում են խլել հաղթանակը: Հայաստանում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր, իրար մեջ պաշտոններ են պայմանավորվում, իրենցից են պաշտոններ ուզում, ասաց Արարատ Միրզոյանը: «Մեզ հետ պետք չի սակարկել, մեր թիմը հստակ հասկանում է, որ մենք չենք ուզում ուղղակի իշխանության գալ, պաշտոններ բաժանել, ուզում ենք փոխել համակարգը, ուզում ենք փոխել խաղի կանոնները, հասարակական հարաբերությունները, արժեքները: Մենք ձեր գործիքն ենք, ձեր ծառան ենք և մնալու ենք այդպիսին»,-ասաց նա:  Նա նշեց, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին չընտրելը կլինի պատգամավորների խայտառակությունը, որևէ այլ քվեարկության արդյունք, որը կլինի մայիսի 1-ին Ազգային ժողովում, կլինի ոչ լեգիտիմ: 20.00  «Ազատ տնտեսությունը, ազատ մամուլը, ազատ քաղաքացիները հանդիսանում են ոչ միայն ՀՀ-ի, այլև Արցախի երաշխիքը: Սրանք շատ կարևոր հանգամանքներ են, որովհետև ժողովրդավար ՀՀ-ն կասեցնելու է արտագաղթը,  խթան է հանդիսանալու տնտեսական զարգացման համար, և մենք չենք պատերազմի Ադրբեջանի հետ 80-ականների զենքով: Սրանք շատ կարևոր է հանգամանքներ են, որոնք պետք է հաշվի առնեն քննարկում ծավալելուց»,- ասաց ՔՊ անդամ Արմեն Գրիգորյանն իր ելույթի ժամանակ  և Արցախի ժողովրդին կոչ արեց համոզված լինել, որ այս շարժումն ամրապնդելու է հենց Արցախի անվտանգությունը: «Այս շարժումը նաև շարունակությունն է 88-ի պայքարի, այս շարժումով մենք մի քայլ առաջ ենք անցնելու: Հիմնականում փորձելու ենք ամրապնդել ժողովրդավարությունն ու քաղաքացիների ազատությունը: Սրանք ենք ապագայի տեսլականները: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Արցախում մեծ հույս պետք է կապենք հենց այս շարժման հետ: Կեցցե ազատ, անկախ, ժողովրդավար Հայաստանը»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը: 19.45 Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Քայլ արա» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հերթական հանրահավաքը: ՔՊ անդամ Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը , որ առժամանակ կասեցվում է փողոցների շրջափակումը, որը պայմանավորված էր քաղաքում առանց պետհամարանիշների բազմաթիվ ավտոմեքենաների առկայությամբ։  Պատգամախոսը ևս մեկ անգամ հիշեցրեց հանրահավաքի մասնակիցներին, որ սա ոչ բռնի, այլ բաց ձեռքերի խաղաղ  անհնազանդության շարժում է։  Էդուարդ Աղաջանյանը ընթերցեց «Իմ քայլը» և «մերժիր սերժին» նախաձեռնությունների հայտարարությունը՝  որոշակի կանոնների հաստատման մասին. «Իմ քայլը» և «մերժիր Սերժին» նախաձեռնությունները կոչ են անում քաղաքացիներին խստորեն հետևել ներքոգրյալ կանոններին․ - պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել սահմանված արագությունը, մեքենան վարել պետհամարանիշները բաց՝ առանց ծածկելու կամ հանելու դրանք, - մաքուր պահել տարածքը, - Բաց պահել մարզերից դեպի Երևան եկող ճանապարհները, - ժամը 23։00-ից հետո դադարեցնել ազդանշանները, Անհնազանդության ակցիաների և դրանց ժամերի մասին կհայտարարվի նախապես։ Հորդորում ենք բոլորին պահպանել վերը նշված կանոնները, այլապես բոլոր անօրինական քայլերը մեր կողմից կդիտվեն որպես սադրանք։ Ով չի հետևում այս կանոններին, նա չի կարող համարվել մեր շարժման մասնակից։ Հիշեցնում ենք, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը, ուստի կոչ ենք անում ոստիկանությանը պատշաճ կերպով կատարել աշխատանքը։ 19:36 Շարժումը շարունակվում է և շարունակվելու է մինչև ՀՀԿ-ի վերջնական պարտություն. Հանրապետության հրապարակում հայտարարեց Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ շարժմանն են միացել ՀՀ տարբեր համայքի ղեկավարներ ու ավագանիներ, հյուպատոսներ:  19:25 Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Քայլ արա» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հերթական հանրահավաքը: