Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ մի լկտի վարորդ չպիտի լինի ճանապարհներին. Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM0121495

15.30 «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ազդարարեց, որ Երեւանում չպետք է լինի առանց համարանիշների որեւէ մեքենա։  Նաև նշեց, որ այդ հարցում համագործակցում են ոստիկանության հետ։ «Ժամը 16:00-ի դրությամբ Հանրապետության բոլոր ավտոճանապարհները ապաշրջափակվում են, որ մարդիկ մարզերից գան, հասնեն հանրահավաքին»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ ոչ մի լկտի վարորդ չպիտի լինի ճանապարհներին։ Փաշինյանը նաեւ նշել է, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը ժողով պիտի անեն՝ քննարկելու առաջիկա անելիքները։ 14.45  Քիչ առաջ  «Իմ քայլը» նախաձեռնության երթի մասնակիցները՝ նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասել են  Աբովյան փողոց։ Բացի վանկարկելուց «Նիկոլ վարչապետ» և «միացում»,  ցուցարարները ուշադիր հետեւում են մեքենաներին, որպեսզի նրանք փակ համարանիշներով չվարեն։ Նաեւ կոչ են անում անհապաղ կանխել անօրինականությունները։ Հիշեցնենք, որ Նիկոլ  Փաշինյանն առավոտյան ասել էր, թե մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որ Երեւանում կան առանց համարանիշների կամ համարանիշները փակած մեծ թվով ավտոմեքենաներ, որոնք անկանոն ձեւով վարում են եւ վտանգում մարդկանց: «Կոչ եմ անում առժամանակ դադարեցնել Երեւանում փողոցների փակումը, որպեսզի կարողանանք զբաղվել Երեւանում երթեւեկության վերականգնմամբ: Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն եւ փորձեն այս ամենը վերածել անվերահսկելի գործողության: Մենք պետք է առաջին հերթին զբաղվենք դրանով, որ նման երեւույթներ չլինեն: Իրավիճակը պետք է լինի վերահսկելի: Խոսքը միայն Երեւանի մասին է»,-ասել էր Փաշինյանը: 13.55 Միաժամանակ բողոքի ցույց են իրականացնում նաև ուսանողները, որոնք այս պահին կանգ են առել «Ազատության» հրապարակում: Փոքր խմբերի բաժանված նրանք քննարկումներ են անցկացնում և բանավիճում։ Թեմաներից են  բուհերի ապաքաղաքականացումն ու կրթական խնդիրները։ Ուսանողները ամբիոնից հայտարարեցին, որ պետք է հետևեն օրինազանցություններին և պայքարեն դրանց դեմ: «Պետք է պայքարենք, որ նոր ՀՀԿ-ներ չծնվեն: Վաղը մյուս օր այլ կուսակցություններ կծնվեն, մենք պետք է պայքարենք, որ այդպիսի կուսակցություններ ի հայտ չգան,- ասաց նա՝ շարունակելով, որ պետք է պայքարեն, որ ստեղծեն օրինապահ, օրինապաշտ երկիր,- դա պետք է սկսենք մեզնից»: ԵՊՀ «Ռեսթարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն էլ նշեց, որ կարևոր գործողություն են իրականացրել՝ Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, բայց բոլոր վատ երևույթները դեռ չեն վերացել: Օրինակ՝ Գյումրիում համալսարանի ռեկտորը սպառնացել է ուսանողներին դասադուլին մասնակցելու համար, Երևանի պետական համալսարանում երկար ժամանակ խոսքի իրավունքը խախտվել է:  «Չարության դեմ մենք չարությամբ չենք պատասխանում, մենք չարությանը պատասխանում ենք օրինապահությամբ և բարությամբ»,- ասաց նա, հավելելով. «Ուսխորհուրդներում չպետք է լինեն կուսակցական մարդիկ»։ 12.43 Ցուցարարներն այս պահին քայլում են Կոմիտասի պողոտայում կառուցված նոր եկեղեցու կողքով։ Այսօր հիմնական կարգախոսն է «Նիկոլ վարչապետ»-ը։ Նիկոլ Փաշինյանն անդադար հիշեցնում է, որ այսօր փողոցները չեն շրջափակելու և մեքենաները  չեն վարելու առանց պետհամարանիշերի։  Հստակեցմանը՝ արդեն ԱԺ-ում հատուկ նիստ հրավիրելու որոշում կա, ուստի կշարունակվե՞ն անհնազանդության գործողությունները, թե՞ դադարեցնելու են, պարոն Փաշինյանը ձեռնպահ մնաց որևէ հստակ բան ասելուց՝ տեղեկացնելով, որ այդ մասին կհայտարարի երեկոյան տեղի ունենալիք հանրահավաքի ժամանակ:  12.30  Նիկոլ Փաշինյանը հրահանգեց, որպեսզի երթի մասնակիցները ոչ միայն չշրջափակեն ճանապարհները, այլև հսկեն այդ  ճանապարհներով անցնող ավտոմեքենաներին, և եթե առանց պետհամարանիշի մեքենա տեսնեն, կանգնեցնեն ու ստիպեն համարները դնել ու հետո նոր երթևեկել։ Նիկոլ Փաշինյանն զգուշացրեց բոլորին, որ այդ մեքենաները հեղափոխությունը վարկաբեկելու համար են։  «Ոչ մի առանց պետհամարանիշի մեքենա՝ հայնրապետության ճանապարհներին»,- հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդը։  .................... «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ակցիան այսօր՝ ապրիլի 26-ին, մեկնարկել է «Լամբադա» կամրջի մոտից: Երեկ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ  Փաշինյանը հայտարարել էր, որ կփակեն  ճանապարհներ, կամուրջներ, փողոցներ, սակայն ինչպես արդեն տեղեկացրել ենք Նիկոլ Փաշինյանն այսօր կոչ է արել առժամանակ դադարեցնել Երեւանում փողոցների փակումը, որպեսզի երթեւեկությունը  վերականգնվի։