Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Հանրապետության հրապարակում հանրահավաք է (տեսանյութ)

Հասարակություն
MHM0121457

21.19  Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին ելույթ ունեցավ Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Հաղթանակն ամբողջությամբ դեռ չի կայացել: Բռնապետություններն այդպես հեշտությամբ չեն հանձնվում: Այս մասին հրապարակում հայտարարեց շարժման անդամ Լևոն Բարսեղյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուրը պետք է իմանա, որ մասնակցում է Հայաստանի ազատագրման գործընթացին: «Այսօր մի քանի անգամ լուր տարածվեց, որ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել: Իր հրաժարականը մեզ ի՞նչ: Մեզ պետք է, որ իրենք ընդունեն մեր առաջարկած օրակարգը: Հարկավոր է, որ ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը ազատ, արդար, անկաշառ ընտրություններ անցկացնի»,- ասաց Նա: Ըստ Լևոն Բարսեղյանի  ՝ կարեն Կարապետյանը երկու տարբերակ ունի՝ ընդունել ժողովրդի հաղթանակը կամ միանալ իրենց: «Կարեն՛, միացի՛ր» 21.00  Սիրված դերասան Հայկ  Մարությանը նշեց, թե ծիծաղելի են այն կարծիքները, որ «սա պաշտոնի համար կռիվ է»։ Բայց մինչ ասելը նա նշեց, որ փորձում են մեզնից խլել ապրիլի 23-ի հաղթանակը :  «Երբ 1988թ.-ին ես 12 տարեկան էի, եղբորս հետ փախչում էինք տանից, խաբում էինք ծնողներին, ասում էինք, որ գնում ենք բակ խաղալու, բայց գալիս էինք Ազատության հրապարակ: Մենք չէինք վախենում ոչ մի բանից, որովհետև այդ օրերին օդում կանգնած էր ազատության, համերաշխության և սիրո շունչը: 30 տարի անց՝ 2018թ.-ին, երբ ես 40 տարեկան «եքա» մարդ եմ, խաբում եմ իմ երեխեքին, ասում եմ, թե գնում եմ գործի, բայց գալիս եմ «ստեղ», որովհետև այստեղ էլ օդում կանգնած էր ազատության, համերաշխության և սիրո շունչը»,- ասաց դերասանը: 20.30  ԱԺ «ԵԼՔ» խմբակցության  պատգամավոր Սասուն Միքայելյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ բոլորը պետք է հաշվի նստեն հրապարակի հետ: Սա է իրողությունը:  «Տարիների ընթացքում այս իրողությունը չէր կայանում, բայց հիմա կայացավ: Օրորոցային խաղաղություն պետք է լինի»,- ասաց նա՝ նշելով, որ սա վերածնունդ է, և ոչ մեկն իրավունք չունի բռնանալ մեր ապագային: Շարժման անդամ Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ  Սփյուռքը պետք է վերադառնա Հայաստան: «Պետք է անենք ամեն ինչ, որ վերադառնաք Հայաստան, ու մենք դառնանք 10 միլիոնանոց Հայաստան»,- ասաց նա: Իսկ  Արցախի խնդրով վախեցնել պետք չէ. «Արցախը մենք սիրում ենք, Արցախը մենք պահել ենք ու պահելու ենք: Այս միասնությունը տեսնելով՝ որևէ մեկը չի կարող հարձակվել»,- նշեց Դավիթ Սանասարյանը: 20.10  Հանրապետության հրապարակում  ՔՊ անդամ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ համաժողովրդական շարժմանն են միացել Քննչական կոմիտեի ավագ քննիչ, կապիտան Սուրեն Նավոյանը, Ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը, ձերբակալված անձանց պահման վայրի աշխատակից Միքայել Բաբայանը: Ավագ քննիչը հայտարարեց, որ ժողովրդի հետ է. «Ես երկար տարիներ է՝ ծառայում եմ քննչական կոմիտեում, իմ հանրությանը, իմ ժողովրդին, ես ձեզ հետ եմ, ձեր ցավները տանեմ»: Գարիկ Թովմասյանն էլ ասաց, որ ժողովրդի կողքին է: Դիմելով իր նախկին գործընկերներին՝ նա հորդորեց գալ ու միանալ ժողովրդին: 19.49  ՔՊ անդամ Արմեն Գրիգորյանը հանրահավաքը սկսեց կազմակերպչական հարցեր բարձրացնելով։ Ըստ նրա՝  իշխանությունն այլևս իրավիճակին չի տիրապետում խուճապի մեջ է և այս դեպքում մենք դառնում ենք շատ ավելի կազմակերպված և այս հեղափոխությունը հասցնում ենք հանգուցալուծման և ինչպես ցանկացած հեղափոխություն, այս հեղափոխությունը կհամարվի հաստատված, եթե լինեն ազատ և արդար ընտրություններ. «Մի քանի կարևոր բան, նախ՝ ցերեկը մեքենաների համար սահմանված արագությունը չենք գերազանցում, բոլորս էնպես ենք անում, որ մեքենաների երթևեկությունը խնդիր չստեղծեն այլ քաղաքացիների համար։ Մյուս կարևոր բանը՝ մեզ շատ են ասում, որ կան մեքենաներ, որոնք իրենց մեքենայի համարանիշերը փակել են, խնդրում եմ էդպիսի մեքեններով չմասնակցել ակցիաներին։  Հաջորդ ինքնակազմակերպման կարևոր սկզբունքներից մեկը՝ գիշերը 10.30-ից հետո փորձում ենք պահպանել լռություն որպեսզի քաղաքացիները հանգստանան, և ցերեկը կարողանան մասնակցել ակցիաներին։ Շատ կարևոր մի գանգամանք ևս, տարածքը որտեղ մենք գտնվում ենք պետք է վերաբերվենք ինչպես մեր տանը։ Այդ տարածքը պետքա լինի մաքսիմալ մաքուր։ Հետևում ենք, որպեսզի այդ մաքրությունը պահպանվի»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը։   Նա վերջում բոլորին տեղեկացրեց, որ «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Վարդանյան եղբայները միացել են շարժմանը։ Նրանց հետ միասին շարժմանն են միացել նաև ընկերության աշխատակիցները։