Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ. ՀՀ նախագահ

Պաշտոնական
armen-sargsyan

Սիրելի հայրենակիցներ, Երեկ, Ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսեւորելով ազգային համերաշխության եւ միասնության օրինակ: Այսօր նույնպես, առավել քան երբեւէ, մենք պետք է լինենք միասնական եւ համախումբ: Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման եւ ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի եւ հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ եւ կշռադատված լուծումներ գտնել: Այդ իմաստով չափազանց կարեւոր է կողմերի միջեւ երկխոսության մեկնարկը: Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն կարապետյանի հայտարարություններին եւ արտահայտված դիրքորոշումներին: Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են: Երկիրը եւ մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջեւ: Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: Հուսով եմ, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները: