Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա ուղնուծուծով մաքուր, զտարյուն, հայկական թավշյա հեղափոխություն է. Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-azatum2

20.34 Ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։  Դիմելով ժողովրդին՝ նա հայտարարեց՝ դուք հաղթել եք: «Երեկ առավոտյան Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ իմ և Սերժ Սարգսյանի հայտնի հանդիպումը, և նա հանդիպման կեսից թողեց ու հեռացավ: Այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա այլևս հեռացել է նաև վարչապետի պաշտոնից»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ երեկ նրան ոստիկանությունում պահում էին կատարյալ մեկուսացման պայմաններում: «Բայց մի իքս պահից, երբ իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, ես հասկացա, որ մեր հռչակած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը հաղթել է»,- ասաց նա, տեղեկացնելով, որ այսօր առավոտյան առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, այնուհետև առաջարկում էին, որ հրաժարական տա մեկ ամսից, իսկ ավելի ուշ ինձ առաջարկեցին, որ նա հրաժարական տա ապրիլի 25-ին: «Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմ սեփական առաջարկը ձեր անունից և ասացի, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում, և Սերժ Սարգսյանը երկու ժամվա ընթացքում հրաժարական տվեց»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թավշյա հեղափոխությունը տարել է իր առաջին կարևոր հաղթանակը, սակայն հիշեցրեց, որ օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված: «Քայլ առաջին` Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, դա արդեն տեղի է ունեցել: Քայլ երկրորդ` Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, որը պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, դրանից  ՀՀ-ում ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո տրամաբանական ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ասաց, քանի որ Սերժ Սարգսյանն արդեն հեռացած է, իրենք պատրաստվում են չորեքշաբթի օրը՝ առավոտյան ժամը 11-ին  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շարունակել բանակցությունները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ` իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ: «Ես հույս ունեմ,  որ Հանրապետական կուսակցության վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը: Այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցանկանում է միանշանակ և աներկբա արձանագրվի՝ ոչ բռնի հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերջ: «Եվ ես հույս ունեմ, որ դուք բոլորդ կանգնած եք հանուն վերջնական հաղթանակի,- ասաց նա՝ հավելելով, -եթե Սերժ Սարգսյանը և Հանրապետականը հույս ունեն, որ այս ամենի արդյունքում ստեղծելու են մի իրավիճակ, որ իրենք շարունակելու են ստվերային կառավարել երկիրը, ես ուզում եմ, որ արձանագրեն, որ ժողովուրդը հաղթել է, և ժողովրդի հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն»: Ապրիլի 24-ի մասին Փաշինյանը տեղեկացրեց. «Վաղը առաջարկում ենք ժամը 15:00-ին այստեղից՝ Հանրապետության հրապարակից, իրար հետ քայլենք դեպի Ծիծեռնակաբերդ` մեր նահատակներին ասելու, մեր տառապած, մեր սրի քաշված, տնավեր արված, կոտորված ժողովուրդ` դու այլևս հաղթող ես և դու այլևս անպարտ ես: Հանրահավաքն ավարտվեց։ 19.58 Ելույթներ են ունենում հայտնի և անհայտ մարդիկ, որոնք մեկ նախադասությամբ իրենց հիացմունքն են արտահայտում հաղթանակի համար պայքարող ժողովրդին և ակցիայի ղեկավարներին՝ իդեմս Նիկոլ Փաշինյանի։ 19.50 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը  կոչ արեց ողջունել  իրավաբաններին, փաստաբաններին, ովքեր օգնում էին բերման ենթարկվածներին, լրագրողներին: «Բոլոր այն մարդիկ, ովքեր քրեական կամ վարչական հետապնդման են ենթարկվել, նրանց նկատմամբ բոլոր տեսակի հետապնդումները պետք է դադարեցվեն, բոլոր այն մարդիկ, ովքեր տուժել են, ովքեր մեծ ներդրում են ունեցել, բեռնատարների վարորդներին, տուժածներին, կարծում եմ, որ հայրենիքին մատուցած ծառայությունների համար պետք է մեդալ տրվի»,- ասաց նա: 19.40 Երևանի ավագանու  անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն էլ, ասաց, որ այսօր արվել է մի բան, որի շնորհիվ այլևս ճանապարհներ փակող օլիգարխներ չեն լինի, դպրոցի, բուհերի դռներ փակողներ չեն լինի: «Այս օրերին եղել են բազմաթիվ բերման ենթարկվածներ, որ այս ժամերին արդեն ազատ են արձակվում: Բայց եթե հանկարծ կլինեն մարդիկ, որոնք դեռ բերման ենթարկված են, խնդրում ենք անպայման տեղյակ պահել այդ մասին»,- ասաց նա։ 19.30  Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պատմեց, որ երբ միացել էին Նիկոլ Փաշինյանի պայքարին, իրենց թերահավատորեն էին վերաբերվում, բայց իրենք արժանապատվորեն ապացուցեցին, որ կարող են, ուժեղ են միասին, որ իրենք ազատ են, անկախ և ցանկանում են հզոր երկիր ունենալ: «Այսօր մենք վերականգնեցինք մեր վստահությունը մեր սեփական ուժերի նկատմամբ, և հավատ առ հաղթանակ: Մեր ժողովուրդը հաղթանակի պակաս ուներ»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է Հայաստանի իսկական հանրապետության կերտումը: 19.20  ՔՊ  կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը ողջունելով հավաքվածներին, ասաց, որ հայ ժողովուրդն ապացուցեց, որ այլևս հաղթանակած է: «Մենք ապացուցում ենք, որ անելիք ունենք աշխարհում: Այս օրը վերածնունդի, ազգային զարթոնքի, վերընձյուղման օրն է: Առաջիկայում մենք ունենք բազում անելիքներ, դժվար ճանապարհ, բայց մենք հասել ենք  մի կարևոր հանգրվանի․ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացել է», - ասաց նա: 19.15 «Քաղաքացիական կուսակցության» վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստն ընթերցելուց հետո նշեց, որ այսօր իրենք ապացուցեցին, որ ՀՀ-ում կա մեկ իշխանություն, և դա ժողովուրդն է: 19.08 Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը։ Այն այսօր հաղթական է, տոնական։ Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանի ողջ տարածքում ինքնաբուխ բողոքի ակցիաներ էին ընթանում. քաղաքացիները երթերով, հավաքներով և այլ ակցիաներով դեմ էին արտահայտվում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետ պաշտոնավարմանը։ Անգամ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը չկոտրեց ցուցարարներին, ավելին, նրանք ինքնակառավարվեցին և կանոնավոր կերպով շարունակեցին ակցիաները։ Հանրահավաքը սկսվեց Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը կարդալով։ Այնուհետ երկար ժամանակ հավաքվածները վանկարկում էին հաղթանակ, հաղթանակ բառերը։