Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ից ո՞վ դաս պետք է քաղի. Կարեն Կարապետյանի պարզաբանումը (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-karapetyan-byuje

Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այն կարծիքներին, թե վարչապետ Սերժ Սարգսյանի հիշեցումը մարտի մեկի մասին՝ այն կրկնելու սպառնալիք է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Մերժիր Սերժին» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ առավոտյան բանակցությունների գնացած Սերժ Սարգսյանը, լսելով հրաժարականի պահանջի մասին, նկատել էր, որ դիմացինը դասեր չի քաղել Մարտի 1-ից: Կարեն Կարապետյանն ասել է, որ դա սպառնալիք չէր, այլ հիշեցում մեր պատմության մեջ դաժան եւ դառը օրերի մասին: «Ես վստահ եմ, որ դրանից բոլորը պետք է եզրակացություն անեն»,- նշել է նա: Հարցին՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել Արցախում, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ բոլորիդ համար կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են, ավելին, մենք պետք է չբացառենք, որ այս իրավիճակից, երբ մենք կենտրոնացած ենք լինելու ներքին խնդիրների լուծման վրա, մեր արտաքին խնդիրները «լուծել» ցանկացողները կարող են շատանալ: Բոլորը, ովքեր այսօր որոշակի քայլեր են ձեռնարկում, միշտ այդ ռիսկը պետք է ունենան: Ես հասկանում եմ, որ լիդերները միշտ համարձակ մարդիկ են, բայց համարձակությունը չի ենթադրում, գիտեք ինչ, մաչոյություն, մենք պետք է մինչև վերջ հասկանանք, թե ինչ վտանգներ կան: Որ Ղարաբաղում խնդիրներ ունենանք, լա՞վ է լինելու»,-  ասել է  Կարեն Կարապետյանը։ «Մեր դուրը գալի՞ս է, որ բոլորը մեր երկրին վերաբերում են այնպես, որ ռեգուլյար այնտեղ հնարավոր է այսպիսի իրավիճակ: Տեսեք, ես ոչ մի դեպքում իրավունք չունեմ մեղադրելու մեր քաղաքացիներին, որ իրենք այլ կարծիք ունեն և իրենց կարծիքն ուզում են անցկացնել, լսեցնել, բայց ես խնդրում եմ բոլորիս, որպեսզի այդ կարծիքը համոզելու, ներկայացնելու, մշակույթ ձևավորվի:  Չի կարելի քո կարծիքն անցկացնել ուրիշին բռնանալով, ուրիշի առօրյա կյանքը խաթարելով, ասելով՝ դու այս ռեժիմով պետք է անես: »,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետը: