Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկ է առաջնորդվել սթափ դատողությամբ. Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի ուղերձը

Հասարակություն
22-2-2

Մեր երկրում տեղ գտած վերջին զարգացումները ներազգային կյանքում ստեղծել են վտանգավոր ու տագնապալի իրավիճակ: Ներկա կացության մեջ հարկ է առաջնորդվել սթափ դատողությամբ՝ զերծ ծայրահեղ հուզականությունից ու չարդարացված առավելապաշտական նկրտումներից: Կոչ ենք ուղղում իրավապահներին ու ցուցարարներին գործել բացառապես օրինականության սահմաններում, երկուստեք դրսևորել խիստ զսպվածություն, բացառել հնարավոր սադրանքները և զերծ մնալ բախումների ու ընդհարումների հանգեցնող գործողություններից: Անթույլատրելի և աններելի են քայլերն ու գործողությունները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը, սերմանում երկպառակություն, ատելություն ու թշնամանք: Այսօր երկխոսության հույսեր արթնացնող աննախադեպ նախաձեռնությունը, ցավոք, ընդհատվեց: Մենք հավատում ենք, որ խաղաղ ճանապարհով առկա վիճակը հաղթահարելու բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել: Ակնկալում ենք, որ Հայրենիքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ու քաղաքացիական ուժերն իրենց հետևողական ու ծանրակշիռ գործունեությամբ միջամտեն զարգացումներին և փորձեն բանակցությունների, փոխհասկացողության ճանապարհով աջակցելու խնդիրների բարվոք հանգուցալուծմանը: Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ Հարուցյալ Տերը խաղաղ, անսասան և անվրդով պահի Հայրենի մեր երկիրը և զորացնի բարեպաշտ մեր ժողովրդի համերաշխության, հանդուրժողականության և ազգային միաբանության ոգին, Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրը դարձնելու աղոթքի և հաշտության օր:   Մայր Աթոռ