ՀԲԸՄ հաղորդագրությունը Հայաստանում ընթացող ցույցերի կապակցությամբ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուշադրությամբ հետևում է Հայաստանի տարածքում ընթացող իրադարձություններին ու ցույցերին: Սփյուռքը խորը մտահոգությամբ ականատես է դառնում կատարվող դեպքերին: Մենք կողմնակից ենք քաղաքացիների ազատ խոսքի ու խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունքին: Այդ արժեքները հիմքն են կազմում ժողովրդավարության ու ժողովրդավար ազգերի կառուցման գործընթացին:

Չնայած, որ խորապես մտահոգիչ է այդ դժգոհության ուժգնությունը, այդուհանդերձ մենք քաջալերված ենք ցուցաբերված քաղաքացիական հանձնառության բարձր ոգով, հատկապես ազգի երիտասարդության կողմից:

Հայաստանն իրականացնում է նախագահականից խորհրդարանական հանրապետության համակարգի անցման գործընթացը, որի նպատակն է Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն ընձեռել առավելագույն չափովիրենց մասնակցությունը բերելու երկրին առնչվող որոշումների կայացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի ներքին թե արտաքին լուրջ մարտահրավերները՝ ՀԲԸՄ-ն կոչ է անում մասնակից կողմերին ձեռնարկել արդյունավետ երկխոսություն` բաց քննարկումներով սերտելու ամբողջ հայությունը հուզողհարցերն ու կառուցողական ոգով հասնելու լուծումների: Միասնական ջանքերով միայն մեզ կհաջողվի հաղթահարել մեր ժողովրդի դեմ ծառացած մարտահրավերները:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:

Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին: ՀԲԸՄ ծրագրերի վերաբերյալհավելյալ տեղեկությունների համար այցելեք www.agbu.org

22 ապրիլի 2018թ