Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Փաշինյան. «Խորհուրդ չեմ տալիս մեզ հետ խոսել ուլտիմատումներով» (տեսանյութ)

Քաղաքականություն
nnn

Մենք պատրաստ ենք Սերժ Սարգսյանի հետ քննարկել միայն  նրա  հրաժարականի  պայմանները, երթի  ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց  Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով  Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որով նա կոչ էր անում անհապաղ երկխոսության ։ «Դա երկխոսություն չէ, խնդրում եմ տերմինները ճիշտ օգտագործել, պատրաստ ենք քննարկել իր հեռացման պայմանները: Երեկ ասացի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություններ չենք ուզում` մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին տեղի ունենա մաքսիմալ անցնցում», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Սերժ Սարգսյանն իր  հայտարարության մեջ  նշել էր.  «Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ» «Ես կարծում եմ, որ կարող են լինել անդառնալի կորուստներ  , դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները,-  ասաց Փաշինյանը,-  Ուլտիմատումի մասին չէ խոսքը` սա բխում է իրավիճակի սթափ գնահատականից: Ես ուլտիմատումներով չեմ խոսում և որևէ մեկին էլ խորհուրդ չեմ տալիս մեզ հետ խոսել ուլտիմատումներով»: Փաշինյանը դիմեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին. «Գնացեք եւ Սերժ Սարգսյանին զեկուցեք այս իրավիճակի մասին, նա կորցրել է իր իշխանությունը: Գնացեք եւ Սերժ Սարգսյանին բացատրեք, որ նա պետք է հեռանա: Դա դավաճանություն չի դիտվի: Դա կբխի ազգի շահերից»: