Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եղբայր, եթե երկու ճգնաժամ ենք անցել, ապա ինչու՞ է դա միայն աղքատ խավի վրա ազդում» (տեսանյութ)

Քաղաքականություն
nyut-20

Մարդկանց կյանքը բարելավվել է, «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Սերժ Սարգսյանը, որը 10  տարի  ղեկավարում էր երկիրը։ «2007 թվականին նվազագույն աշխատավարձը ամսական 15 հազար դրամ էր, իսկ այսօր 55 հազար դրամ է, ինչը գրեթե 4 անգամ ավել է: Արդյոք սա փոփոխություն չէ՞, բա ի՞նչ անեն, որ 100 անգամ ավելանա: Աշխարհում կա՞ նման օրինակ, որ միանգամից 100 անգամ ավելանա: Չկա այսպիսի բան»,- ասել է Սերժ սարգսյանը: Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լսել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ «Այն ընտանիքը, որը 150 հզ դրամ է ստանում ինչպե՞ս է ապրում: Ասածները պետք է համապատասխանեն իրականությանը: Անպայման պետք է բոլորը դուրս գան փողոց, որ հասկանաք, որ ժողովուրդը ձեզնից դժգո՞հ է»: Նախագահից  վարչապետ  դառնալով՝ Սերժ Սարգսյանը խոստանում է՝ մի քանի տարի սպասել, որպեսզի տնտեսական աճը մարդկանց համար շոշափելի լինի: Արամ Սարգսյանը հակադարձում է: «Եղբայր, եթե 2 ճգնաժամ ենք անցել, ապա ինչո՞ւ է դա միայն աղքատ խավի վրա ազդում»: Սերժ Սարգսյանը  տրամաբանական չի համարում քաղաքական ծրագրերը համեմատել երդման հետ: «Եթե ես տարիներ առաջ ասել եմ, որ մենք, անպայման, ատոմակայան պետք է կառուցենք, եթե ասել եմ անպայման գնա՞նք իմ ասածը անելու, թե՞ երկրի տնտեսության համար ավելի արդյունավետ ու շահավետ եղանակ գտնենք էներգիայի աղբյուրի: Մի բան է, երբ դու ծրագիր ես գծում, դրանում տարբեր թվեր ես հնչեցնում, դրանք ցուցանիշներ են, որոնց փորձում ես ձգտել և դա համեմատել երդման հետ, ասել` «չէ, դու երդվել ես ու երդումդ խախտում ես»,  ո՞րքանով է դա տրամաբանական, ո՞րքանով է ճկունություն հաղորդում»: Սերժ Սարգսյանը քաղաքացիական անհնազանդության արշավը չի ողջունում: Ըստ նրա մի քանի տասնյակ մարդ որոշել է երկրում անկայունություն մտցնել: «Ժողովուրդը մեղավոր չի, որ դուք թույլ չեք տալիս նրանց խաղաղ ապրել: Երիտասարդությունն  առաջին անգամ այս պոռթկումով փողոց է դուրս եկել»,- ասում է Արամ Սարգսյանը: Ըստ նրա, անվտանգությունը Հայաստանի թիվ մեկ խնդիրն է, եւ եթե երկրի ներսում լինի բալանսից ընկած իշխանություն-ժողովուրդ հարաբերություն, ապա կորուստներն անխուսափելի կլինեն: