Oր 8-րդ. «Գործադրված որեւէ բռնություն ոչ միայն չի կասեցնում շարժումը, այլեւ ուժեղացնում է ժողովրդական ցասման ալիքը» (տեսանյութ)

21.52 Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ մեղմ է ասված, թե Փարաքյարը փակվել է: «Պարզվում է՝  Փարաքյարում ճանապարհի վրա 800 հոգանոց քեֆ է, մեր հաղթանակն են նշում»,-ասաց նա

Մենք ասում ենք՝ ինչ երկխոսություն, արդեն ուշ է, ուշ է՝ поезд ушол, բայց սա չի նշանակում, թե մենք պատրաստ չենք որեւէ քննարկման։
Մենք , իհարկե, պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման , հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված որոշ պայմաններ։

Ես ուզում եմ խոսել նաեւ այն մասին՝ ինչպես ենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները։
1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։
2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին։

3. Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն։
4. ՀՀ օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ը պետք է հավանություն տա Կառավարության ծրագրին, երբ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական համաձայնության համաձայն, ԱԺ-ը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ահա այն ինչ պատրաստ են քննարկել ՀՀԿ-ի հետ։

21.49  Հայաստանում Սերժ Սարգսյանի իշխանությունը մահացած է: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

«Էսօր էս ի՞նչ արեցիք: Այսօր հրապարակը այսօր ավելի լեփ-լեցուն է»,- ասաց Ն. Փաշինյանը: Նա նշեց, որ իր կարծիքով ամբողջ աշխարհն է տեսնում, որ տեղի է ունենում ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխություն, որը շատ շուտով հաղթելու է:

Պատգամավորը նշեց, որ իշխանության ներկայացուցիչները խոսում են իրենց հետ երկխոսություն սկսելու իրենց պատրաստակամության մասին: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երեկ մենք կոչով հանդես եկանք և այսօր փողոցներ փակելու գործողությունները կրում էին զանգվածային բնույթ: Փակ են եղել 15-րդ թաղամասի հրապարակը, նրանից դուրս եկող փողոցները, Դավթաշենի կամուրջը, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը, Կոմիտաս-Տիգրանյան, Կոմիտաս-Գլյուլբենկյան խաչմերուկները, Հալաբյան փողոցը, Հաղթանակ, Կիևյան կամուրջները և այլն»:

Նիկոլ Փաշինյանը շարունակելով իր ելույթը նշեց, որ երեկ և այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով ցույցեր են տեղի ունեցել տարբեր երկրներում:

 Հատուկ նամակով իր անվերապահ շարժմանն աջակցությունն է ցուցաբերել հանրաճանաչ ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը, Լևոն Պաչաջյանը, ինչպես նաև դերասաններ Հրանտ Թոխատյանը, Սարգիս Գրիգորյանը, Արման Նշանյանը, Սոս Ջանիբեկյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, երգիչ Սարգիս Մանուկյանը,  դերասան Հովհաննես Ազոյանը, Հայկ Մարությանը, Ալինա Մարտիրոսյանը Ջուլիետա Ստեփանյանը, Սերգեյ Դանիելյանը, Սարգիս Հակոբյանը և այլք: 

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը լսելով հանրության կոչը նշեց.«Հենրի՛խ Մխիթարյան, նայի՛ր, թե ինչ է կատարվում Երևանում»: 

 

21.00 Երկիրը կարգի է պետք բերել: Հանրահավաքի ժամանակ հայտարարեց Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նա նշեց, որ անպայման հաղթելու ենք:

«Առավոտյան գալիս էի Երևան, իմ ճանապարհը փակեցին: Փակել են միշտ ոստիկանները: Մի քիչ ուշադիր նայեցի, տեսա, որ ավտոներից մեկն է փակել ճանապարհը: Հասկացաք, թե վարորդը ով էր: Հետո իմացա, որ վարորդին բռնել են: Հարցնում էին՝ ի՞նչ եղավ Հայկը: Ասում եմ՝ ոստիկանները թող մտածեն, թե ոնց են պրծնելու ձեռից»,- ասաց նա: 

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ դպրոցի որոշ տնօրեններ «կրծքով պաշտպանել են Սերժ Սարգսյանի փակցված լուսանկարը»: «Հերթով անցնելու ենք այդ դպրոցներով, հանելու ենք բոլորի նկարները»,- նշեց Լևոն Բարսեղյանը: 

Հայաստանում իշխանությունը պիտի լինի ժողովրդից, հայտարարեց Լևոն Բարսեղյանը,- միայն ժողովրդից, մնացած բոլոր ձևերը խուլիգանություններ են, զավթումներ են, հանցագործություններ են, Հայաստանը այդ ճանապարհով գնալ չի կարող։  Նահանջի տեղ չկա, նահանջի տեղ չկա։

2010 Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը կոչ արեց շոու բիզնեսի ներկայացուցիչներին գալ կանգնել ժողովրդի կողքին։ 

 «Դեն նետեք ձեր մեդալները, դրանցով չեք սիրվելու, ժողովրդի սերը պետք է վայելեք, ոչ թե մեդալները կախեք և նստեք տանը: Սա ձեզ համար սերիալ չի՝ նստում նայում եք»,- ասաց նա և նշեց, որ շատ հուզված է: Նա նաև հայտնեց, որ ցանկանում է տեսնել վարչապետ միայն Նիկոլ Փաշինյանին:

Ջուլիետա Ստեփանյանն ասաց,  որ երջանիկ է, որ ունեն այսպիսի «տղամարդ» երիտասարդություն: «Ինձ համար այս երիտասարդությունն այն սերմն է, որ ժայռի վրա էլ գցես պտղատու ծառ կաճի, միշտ մնացեք այդպես քաջ:

 20.00 Ելույթի խոսք ասաց Լոս Անջելեսից Հայաստան ժամանած Մուշեղ Մուրադյանը, ով նշեց, որ հատուկ եկել է մասնակցելու այս «համաժողովրդական աննախադեպ զարթոնքին»: 

«Մենք եկել ենք այսօր օգնենք, որպեսզի կարոտը, տագնապը, անհանգստությունը վերածվեն լույսի, հույսի, հավատի»,- ասաց նա՝ հայտարարելով, թե հրաշք կա հավատացողի համար: 

19.45 Հանրապետության հրապարակում մեկնարկել է բազմամարդ հանրահավաքը

ՔՊ անդամ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը իր ելույթում նշեց, որ եկել է պահը որպեսզի որոշակի արձանագրումներ անենք։ 

«Եվ այսպես. մեր ժողովուրդը ոտքի է ելել վերադարձնելու իրենից գողացված, ուզուրպացված իշխանությունը։ Հայաստանում արմենբաշի չի լինելու։ Այսօր, վաղը և ընդմիշտ Հայաստանում արմենբաշի չի-լի-նե-լու։ Մեր հեղափոխությունը տոտալ մասնակցությու և աջակցություն ունի ՀՀ քաղաքացիների կողմից։ Մեր շարժման աշխարհագրությունը ընդգրկում է ողջ Հայաստանը՝ Աշոցքից մինչը Մեղրի։ Հայաստանի տասնյակ-տասնյակ բնակավայրերում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ։ Մեր շարժումը ընդգրկում է դպրոցներ և բուհեր, հիմնարկներ, կոլեկտիվներ։ Դպրոցներում անգամ այս վերջին օրը որոշ տնօրեններ հանում են Սերժ Սարգսյանի նկարը, ասելով, որ մեկա էրեխեքս են հանելու։ Դպրոցներում ոստիկանական ջոկատներ են ուղարկում, որ երեխաները դասադուլ չանեն։ Մեր երեխաներին փորձում են փակել դպրոցում, բայց դա չի ստացվում»։

Արարատ Միրզոյանը նշեց, որ իրենց հասած տեղեկությւններով այսօր բուհերում դասի չեն նստել տասնյակ հազարավոր ուսանողներ։

Պատգամավորը նշեց, որ իրեն մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, թե բոլորն են շարժման հետ, միայն թե «մի քիչ էլ կանգնեք»: Ըստ նրա՝ իրենց հետ է նաև Սփյուռքը: 

Միրզոյանը նշեց նաև, որ իրենց հասած լուրերով մարդիկ հրաժարվում են ՀՀԿ անդամակցությունից, նա տեղեկացրեց, որ հրապարակում տեղադրելու են աղբարկղ, թող մարդիկ բերեն ու շպրտեն անդամատոմսերն այդտեղ: 

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից հնչած մտքերին՝ երկխոսության առաջարկի մասին, Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք պատրաստ ենք նրանց հետ բանակցել մի թեմայով՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ կապիտուլիացիայի: Վախենում էի, իմ սիրտը քցում էր էդ բառից, բայց հիմա ասում եմ՝ «հաղթանակ»»:

18.30  Քիչ առաջ բավական լարված է եղել Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում։ Ցուցարարները մի քանի րոպեով դադարեցրել էին երթևեկությունը, մեքենաները ազդանշան էին տալիս՝ ի աջակցություն շարժման:  

Ոստիկանական ջոկատներն արագ գործի անցնելով շղթա կազմեցին մայթին՝ թույլ չտալով, որ քաղաքացիները առաջ գնան: Մյուս ոստիկանները բերման էին ենթարկում քաղաքացիներին: 

Անցորդները, որոնք ամեն դեպքում անտարբեր չէին ցուցարարների հանդեպ,  փորձում են միջնորդել, որ ոստիկանները չտանեն քաղաքացիներին, բայց դա նրանց չէր հաջողվում: 

«Մենք ձեզ համար ենք անում, ձեր ապագայի համար ենք անում, դուք հայ եք, մի վարվեք ձեր երեխաների, մայրերի հետ այդպես, ազգությունը հագուստով չի որոշվում, մի արեք»,- դիմելով ոստիկաններին` ասաց քաղաքացիներից մեկը:

Քիչ առաջ ցուցարարները որոշեցին երթով շարժվել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ժամը 19-ին հանրահավաք է նախատեսված: