Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում եմ չխոչընդոտել և չսպառնալ դասադուլ անող աշակերտներին և ուսանողներին

Պաշտոնական
zaruhi-postanjyan

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դիմումը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին։   ՀՀ կրթության և գիտության նախարար  Լևոն Մկրտչյանին    Հարգելի պարոն Մկրտչյան,   Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում ընթացող խաղաղ անհնազանդությամբ իրենց բողոքն ու ընդվզումն արտահայտող դասադուլների մասնակիցներին սպառնում են ուսումնական հաստատություններից հեռացմամբ: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին կետի՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետի՝ մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։ Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի. «1. Հավաքներին մասնակցելու իրավունք  ունի յուրաքանչյուր ոք  (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք):

  1. Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մաuնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որեւէ հավաքի։
  2. Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով»:
Դիմում եմ Ձեզ, քանի որ արդեն իսկ առկա են ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից՝ դասադուլ անող աշակերտներին և ուսանողներին իրենց ուսումնական հաստատություններից զանգվածային ազատման բազմաթիվ սպառնալիքներ: Ուստի ելնելով վերոգրյալից պահանջում եմ չխոչընդոտել և չսպառնալ դասադուլ անող աշակերտներին և ուսանողներին, ովքեր իրականացնում են Սահմանադրությամբ  և օրենքներով ամրագրված իրենց իրավունքները:    Զարուհի Փոստանջյան «Երկիր  Ծիրանի» կուսակցության նախագահ