Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային մամուլը Հայաստանի «Թավշյա հեղափոխության» մասին

Հասարակություն
5FA66A1F-9E11-4875-82D7-E332C825DDEE_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում վերջին օրերին իրականացվող բողոքի ցույցերին: BBC-ն, The New York Times-ը, Euronews-ը, Aljazeera-ն, Washngton Post-ը և բազմաթիվ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում և լրատվական թողարկումներում ներկայացնում են Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ վերլուծելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրա պատճառները: Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են զանգվածային բողոքի ցույցեր և անհնազանդության ակցիաներ անցկացնել վերջին օրերին, գրում են նշված և մյուս ԶԼՄ-ները`արձանագրելով, որ Երևանում, Գյումրիում և Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցող ցույցերն ուղղված են Հայաստանի նախկին նախագահ և նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ: The New York Times-ը, ուրվագծելով նորանկախ Հայաստանի քաղաքական և տնտեսական պատկերը, նշում է, որ 2008 թվականից նախագահի պաշտոնը զբաղեցրած և սահմանադրական բարեփոխումերի արդյունքում վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը, ցանկանում է կառչած մնալ իշխանությունից: Հայտնի պարբերականը, ինչպես նաև՝ Washngton Post-ը նշել են նաև, որ ի նշան բողոքի՝ երեքշաբթի օրը «Քայլ արա՛, մերժիր Սերժին» կարգախոսով հազարավոր ցուցարարներ շրջափակել էին մի շարք կառավարական շենքեր և կաթվածահար արել Երևան քաղաքի երթևեկությունը: BBC-ն և The New York Times-ը անդրադարձել են նաև Նիկոլ Փաշինյանի «առանց բռնության, թավշյա հեղափոխություն» իրականացնելու հայտարարությանը, վերջին օրերին բերման ենթարկված մոտ 60-80 քաղաքացիներին և վկայակոչելով Հայաստանյան ԶԼՄ-ներին՝ ցույցերը ցրելու և ցուցարարների հանդեպ ուժ կիրառելու մասին ոստիկանության զգուշացումներին: Նշենք, որ ըստ Washngton Post-ի՝ Հանրապետության հրապարակում կայացած բողոքի ցույցին չորեքշաբթի օրը մասնակցել են մոտ 15 հազար քաղաքացիներ: Life news-ի փոխանցմամբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է,որ Մոսկվան հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: «Մենք հետևում ենքՀայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և որ ամենակարևորն է, հուսով ենք, որ այդ ամենը տեղի է ունենում օրինականության շրջանակներում», - ասել է Պեսկովը: Ռուսական RT-ն հրապարակել է ՀՀ կառավարության գլուխ նշանակվելու կապակցությամբ Սարգսյանին ուղղված Պուտինի շնորհավորական ուղերձը, իսկ Sputnik-ը ևս մեկ յուրահատուկ հոդված է հրապարակել՝ «Գունավոր հեղափոխություն» կամ .. Ով է իրականում կանգնած Նիկոլ Փաշինյանի հետևում» խորհրդավոր վերնագրով: