Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Մենք Սերժ Սարգսյանի խորհուրդների կարիքը չունենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon-1

Ելք դաշինքի մաս կազմող ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը քամահրանքով է վերաբերում Սերժ Սարգսյանի խորհուրդներին, որոնք նա տվեց ԱԺ հատուկ նիստին Ելք խմբակցության մասնակից պատգամավորներին՝ վարչապետի պաշտոնում իր ընտրության ժամանակ: «Մենք Սերժ Սարգսյանի խորհուրդների կարիքը չունենք: Ովքեր մեզ քննադատում են՝ նիստին մասնակցելու համար՝ նրանց ես հարց կտայի՝ իրենք ուզո՞ւմ էին, որ Սերժ Սարգսյանը առանց որեւէ խոսքի, առանց ժողովրդի սրտից բխող խոսքի ընտրվե՞ր, առանց դեմ ձայների ընտրվե՞ր: Մեր դաշինքին քաղաքացիներն ընտրել են, որ թողնեինք առանց դեմ քվեարկությա՞ն ընտրվեին: Ես կարծում եմ՝ ոչ»,- «Ա1+»ի հետ զրույցում ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:  Սերժ Սարգսյանի խորհուրդներից մեկը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին: Նա կոչ արեց Ելքի ներկա պատգամավորներին բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի իրենց գործընկերոջը փողոցից բերեն ԱԺ: «Սերժ Սարգսյանը, չէ, որ մեզ պետք է խորհուրդ տա, թե մենք, թե Նիկոլը, թե մյուսները ինչ անենք»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Ելք դաշինքի մաս կազմող ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը նաեւ կոչ արեց չթերագնահատել, չնսեմացնել իրենց աշխատանքը՝ իրենք փողոցային պայքարում չեն, սակայն ոստիկանակական բաժանմունքներում են. «Այ, դուք պասիվ եք, ինչպես Վարդգես Գասպարին է ասում: Թող յուրաքանչյուրն իր հավատացած գործն անի, եւ ՀՀ-ն կլինի շատ ուժեղ, առաջադեմ, զարգացած երկիր»: «Ծառուկյան» խմբակցության քվեարկությունը Սերժ Սարգսյանի ընտրությանը խիստ խայտաբղետ էր՝ 13 դեմ, 12 կողմ, 3 ներկա, սակայն չմասնակցած, 4 բացակա պատգամավոր: Դեմ էր քվեարկել նաեւ Գագիկ Ծառուկյանի ընկերոջ դուստրը՝ Նորա Առուստամյանը. «Ես պատասխանատու եմ իմ քվեարկության համար: Քվեարկել եմ խղճի մտոք»:  «Ծառուկյան» խմբակցությունից կողմ քվեարկած 12 պատգամավորներից մեկը Նապոլեոն Ազիզյանն էր, որի քվեարկությունները մյուս այլ՝ խնդրահարույց նախագծերի ժամանակ հակասական ու վիճահարույց են եղել. «Հետո, երբ ամեն ինչ կհանդարտվի, շատ երկար հարցազրույց կտամ այս ամեն ինչի մասին»:    «Ծառուկյան» խմբակցության այս պատգամավորներից չկարողացանք ստանալ մեկնաբանություններ՝ մայրաքաղաքի կենտրոնում անցկացվող քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին: