Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի վիճակի՞ եմ պատասխանելու Ձեր ներկայացրած վեց հարցին. Սարգսյանը՝ Զեյնալյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
serj

ԱԺ հատուկ նիստին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հարցի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Սերժ Սարգսյանին մի շարք հարցեր ուղղեց.

«Իմ հարցերը անձնական բնույթի չեն ու չեն հետապնդում ատելություն կամ թշնամանք։ Անանուն հարցումները ցույց են տալիս, որ այս ԱԺ-ն ձեւավորվել է ընտրակաշառքով։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ դրանից հետո մարդիկ հավատան ընտրություններին, ու այն ընդվզումը, որ հիմա կա, դա հենց դրանից է նաեւ բխում։ Ինչ պետք է լինի, համերաշխության մթնոլորտ ձեւավորվի։ Մյուս հարցս` քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդումներ եղե՞լ են կամ առկա՞ են մեր երկրում ու արդյունքում օրենքով չնախատեսված պատիժ կամ աշխատանքից ազատում առկա՞ է, թե ոչ։ Նաեւ` կալանքի որոշումների վրա ազդեցություն ունեցե՞լ եք, թե ոչ։ Գործերի քննության 95 տոկոսի դեպքերում դատախազներն ու քննիչներն են հաղթում, իսկ Եվրադատարանում ՀՀ-ն այդ գործերով միշտ պարտվում է։ Արդյո՞ք դուք ստորագրել եք այն որոշումը, ըստ որի Կառավարական ամառանոցի տունը հանձնվում է ձեզ։ Արդարության հետ կապված` 350 հազար վարորդական իրավունքի դեպքում տարեկան շուրջ 2 մլն դրամի տուգանքի որոշում է կայացվում»:

«Պարոն Զեյնալյան, ձեր հարցին հարցով պատասխանեմ` ինձ հատկացված այս ժամանակում ես ի վիճակի՞ եմ պատասխանելու Ձեր ներկայացրած վեց հարցին։ Հիմա յուրաքանչյուր հարցի մասին շատ կարճ պատասխանեմ։ Ես համաձայն չեմ այն պնդումների հետ, թե ընտրությունները տեղի են ունեցել ձայների գնմամբ։ Իմ ասածի հիմքը միջազգային զեկույցներն են, որտեղ նշված է, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի կամքի արտահայտություն։ Եթե համատարած կաշառք է բաժանվել, կարծում եմ, ժամանակակից պայմաններում ամեն գործիք հիմա նկարում է, եւ ընդդիմությունը բազմաթիվ տեսագրություններով ողողած կլիներ համացանցը։ Բարեգործության դեպքերը չեմ բացառում, սակայն չեմ կարծում, որ դրանք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Մենք նաեւ գտանք տեխնիկական հնարավորություններ, որ մեռած մարդկանց քվեարկության մասին առասպելները հօդս ցնդեն։ Քաղաքական հայացքների համար որեւէ մեկը հետապնդման երբեւէ չի ենթարկվել։ Ու նույնիսկ դատարանների կողմից շատ մեղմ վերաբերմունքի են նրանք արժանացել, երբ քրեական հանցագործներ են արել։ Նախնական կալանքների դեպքում մի քիչ շեղվել ենք եվրոպական չափանիշներից, սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել մեր պայմանները։

Ինչ վերաբերում է առանձնատանը, ապա դրա մասին օրենքն այս շենքում է ընդունվել։ Ի դեպ, այդ օրենքից օգտվել են նախորդ երկու նախագահները, ես էլ եմ օգտվել. եթե օրենքով ինձ չի հասնում, հետ կվերադարձնեմ. դա իմ սեփականությունն է Երեւանում»։ Արտակ Զեյնալյանն արձագանքեց` ասելով. «Բազե գաղտնաբառի տակ ընտրակաշառք են տվել։ Ես անարդար կհամարեի, եթե պաշտոնաթող նախագահին չտային առանձնատուն, սակայն ոչ Կառավարության տնտեսությունից տրվեր»:

«Ինչ տարբերություն, թե որտեղից է տրվում։ Այս առանձնատան դեպքում լրացուցիչ գումար կամ պահպանություն պետք չէ իրականացնել։ Այդ ՊՈԱԿ-ում մի քանի առանձնատուն կա, սակայն ԱԺ նախագահի առանձնատունն ազատ է, վարչապետինն էլ, քանի որ նրանք չեն ցանկացել գալ այստեղ ապրելու։ Իմ ասածը չի նշանակում, թե ՀՀ-ում թերություններ չկան կամ ընտրություններին խախտումներ չեն եղել։ Ամեն ընտանիքում հնարավոր է երեխան դժգոհ լինի ծնողից կամ հակառակը, սակայն դա չի նշանակում, որ պետք է հակամարտություն լինի»։

Ի դեպ նիստերի դահլիճում Ելքի` ներկա գտնվող պատգամավորներին միացան խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանն ու Գեւորգ Գորգիսյանը։