«Հայկական արծիվներն» առաջին փորձից հռչակվեցին չեմպիոն

«Հայկական արծիվներ» շախմատային թիմը մասնակցելով 2018թ PRO Chess League-ի առաջնությանը, նվաճել է չեմպիոնի կոչումը:

«Հայաստանը լինելով շախմատային գերտիրություն, անցած տարի չէր մասնակցել այդ մրցումներին: Պատճառն այն էր, որ մենք տեղյակ չէինք այդ մասին: Այս տարի պատահականորեն մասնակցեցինք: Սամվել Տեր-Սահակյանն առաջինն ասաց, որ համացանցով անցկացվում է շախմատի նման առաջնություն: Մենք որոշեցինք թիմ ստեղծել եւ մասնակցել այդ առաջնությանը:

Թեեւ մեծ դժվարությամբ, բայց մեզ հաջողվեց լուծել բոլոր իրավաբանական եւ տեխնիկական հարցերը: Մեկնարկային խաղում չնայած պարտվեցինք, բայց հետո տարանք վեց հաղթանակ, խմբում զբաղեցրինք 1-ին տեղը: Ապա նոկաուտ մրցակարգով անցկացրինք փլեյ-օֆի հանդիպումներ: Հնդկական «Մումբայ» թիմի հետ չնայած ոչ-ոքի խաղացինք, սակայն մտանք եզրափակիչ, քանի որ խմբային մրցաշարում մենք ավելի լավ արդյունք ունեինք:

Եզրափակիչ մրցաշարը կայացավ Լոս Անջելեսում, որտեղ հաղթելով մրցակիցներին, նվաճեցինք չեմպիոնի կոչումը», – այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց մեր թիմի առաջատար, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:

«Երբ սկսեցինք ելույթները, մենք սկզբում լուրջ նպատակներ չէինք հետապնդում: Սակայն խմբում առաջին տեղը գրավելուց հետո որոշեցինք պայքարել մրցանակային տեղերի համար: Հատկապես բարդ ստացվեց վերջին, եզրափակիչ հանդիպումը, չինական թիմի հետ: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց լրացուցիչ պարտիաներում հաղթանակ տանել եւ գրավել առաջին տեղը», – նշեց թիմի մյուս անդամ Սամվել Տեր-Սահակյանը:

Պարզվում է, որ տարբեր թիմերի կազմում հանդես են եկել մեծ թվով հայտնի շախմատիստներ, մասնավորապես՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, այս տարվա հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, այլ առաջատար շախմատիստներ: «Հայկական արծիվների» կազմում ելույթ են ունեցել գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը եւ մենեջեր-խաղացող Արտակ Մանուկյանը։ PRO Chess League-ի առաջնությունում հաղթելու համար մեր թիմը ստացել է 20 հազար դոլար պարգեւավճար: