Live. Ոստիկանները գազ չեն կիրառի. թարմացվող (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ հասավ ոստիկանական պատնեշին: Նա պահանջում է, որ ցուցարարները մի քայլ հետ գնան:

Նա նաև պահանջում է, որ իր թիմակից ազգային ժողովի պատգամավորները անցնեն պատնեշից այն կողմ։

Ի վերջո ոստիկանների օգնությամբ Նիկոլ Փաշինյանն անցավ պատնեշից այն կողմ, ինչպես ինքն է ասում՝ աշխատանքի գնալու:

Ցուցարարներն էլ բորբոքվեցին և հրմշտում են ոստիկաններին, Բաղրամյանում լարված է:

Ոստիկանները փշալար են անցկացնում։

Նիկոլ Փաշինյանը վնասվածք է ստացել ականջի հատվածում։ Նա փորձում է պաշտպանել մի խումբ երիտասարդ ակտիվիստների, որպեսզի ոստիկանությունը նրանց բերման չենթարկի։

Ոստիկանական զորքերը մահակներով խփում են վահաններին, որին ի պատասխան հավաքվածները պատասխանում են ձեռքերը վեր պարզած։

Նիկոլ Փաշինյանը փորձում է փշալարերի վրայով անցնել մյուս կողմ։

Ոստիկանները կրակոցի ձայն արձակող հատուկ միջոցներ են կիրառում։ Ամբողջ տարածքում ծուխ է։

Մասնակիցների մի մասը փորձում է փախչել այդ ծխից։ Կան վիրավորներ։

Ցուցարարների մի մասին հաջողվեց հաղթահարել արգելապատնեշը։ Այս պահի դրությամբ  ոստիկանական ջոկատը  փշալարերով հանդերձ հայտնվել է ցուցարարների մեջտեղում։

Հենց նոր ոստիկանները կքանստեցին՝ գետնին դնելով շիթերը, հետո ոտքի կանգնեցին, նրանք զինվել են հակագազերով։

Իդեպ Նիկոլ Փաշինյանը փշալարերի վրայով անցնելուց հետո էլ չի երևում։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեծ, որ նա հոսպիտալացվել է։

Ոստիկանությունը հայտարարել է, որ հանրահավաքը ցրելու են հատուկ միջոցների կիրառմամբ։

Քիչ առաջ սակայն տեղեկություն տարածվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանության հետ, որ գազ չի կիրառվելու։

Ոստիկանները հանել են հակագազի դիմակները։

Ակտիվիստները երգում են ՀՀ օրհներգը։