Ֆանտաստիկայի ժանրից է. Վ. Բաղդասարյանը՝ վարչապետի ընտրության կանխման մասին (տեսանյութ)

ՀՀկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ ճեպազրույցներին վստահեցրեց, որ ինքը նորմալ, առանց խցանումների ու խոչընդոտների հասել է աշխատավայր։

Ինչ վերաբերում է Երեւանի կենտրոնում տեղի ունեցող իրադարձություններին, ապաբա նշեց, որ օրենքով նախատեսված որեւէ գործողություն մերժելի չէ. «Ես ուղղակի կարծում եմ, որ այս գործողությունների համար հասարակական որեւէ պահանջ կամ հիմքեր չկային»։

Նա նշեց, որ այսօրվա իշխանական կոալիցիայի նիստին ՀՀ վարչապետի պաշտոնում կառաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Սերժ Սարգսյանն իր փաստաթղթերը ԱԺ այսօր է ներկայացնելու: Ինչ վերաբերում է ԱԺ հատուկ նիստի տեղափոխմանը, ապա Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ շենքի տեղափոխման որեւէ անհրաժեշտություն չկա»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խորհրդի արտագնա նիստին Ծաղկաձորում, ապա նրա վստահեցմամբ` սա առաջին դեպքը չէ, որ արտագնա նիստ են անում. «Խնդիրն ընդամենն այն էր, որ ՀՀԿ գրասենյակի դահլիճը կարող է տեղավորել 180 մարդ, մինչդեռ ՀՀԿ խորհրդի անդամները 250-ից ավելի են։ Խորհրդի նիստին մասնակցել է 240 անդամ։ Իսկ ժամը հայտնի էր բոլորին։ Եթե 250 հոգի իմանում են, ինչպես կարող է այդ մասին մյուսները չիմանան։ Թող դե գային հյուրանոցի շենքը շրջափակեին»:

Իսկ, թե երբ Կառավարության կազմը հայտնի կլինի, Վահրամ Բաղդասարյանը նշեց` երբ կընտրվի կառավարության ղերակավարը, փոփոխությունները կլինեն. «Դեռևս ընտրված չէ: Կարեն Կարապետյանը և ամբողջ կառավարությունն այսօր պաշտանակատար են և նոր Սահմանադարության լիազորության շրջանակներում իրականացնում են իրենց աշխատանքը»:

Եթե բողոքի ակցիայի մասնակիցներին հաջողվի վաղը ԱԺ շենքի մուտքերն արգելափակել, ինչ մարտավարություն ունի իշխանությունը, ինչպես մուտք գործեն ներս, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Ներս կմտնեմ ինչպես մյուս բոլոր օրերին. կժպտամ ու կշարժվեմ առաջ։ Կարծում եմ` բռնության չեն դիմի. իրենք են կոչ անում բռնություն չլինի, խաղաղ երթ, խաղաղ ցույց, և ուստի ինչպես մենք այնպես էլ մյուսները հանգիստ կմտնեն շենք։ Մեր աշխատանքային ժամին պետք է գանք Աժ, մեր պատկան մարմիների խնդիրն է ապահովել մեր մուտքը»:

Արդյոք ընդդիմադիրներին կհաջողվի կանխել Սերժ Սարգսյանի վարչապետության ընտրությունը, Վահրամ Բաղդասարյանը բացառեց. «Ֆանտաստիկայի ժանրից է դա, բոլորը կներկայանան ԱԺ, քննարկումները կլինեն նորմալ բարեդրացիական մթնոլորտում։ Համբերեք 24 ժամ և մնացածի ականատեսն էլ կլինեք»:
Ի դեպ, այսօր ժամը 13:00-ին տեղի կունենա իշխանական կոալիցիայի համատեղ նիստ։
Ելք եւ «Ծառուկյան» խմբակցությունները ԱԺ ճեպազրույցներին չեկան։