Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետը ծնվում է ԱԺ-ից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-13

ԱԺ ճեպազրույցներին այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Երեւանի կենտրոնում տեղի ունեցող իրադարձություններին, նշեց. «Ես շատ նորմալ եմ հասել, որևէ խոչընդոտի չեմ հանդիպել։ Ընդդիմությունը պետք է օրենքի շրջանակներում աշխատի, եթե դուրս է գալիս օրենքից, իշխանություններին հնարավորություն է տալիս արձագանքելու այն զինանոցով, որոնցով ընդդիմությունը թույլ է։ Իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության, նաեւ կոչ եմ անում ոստիկանությանը, որ ինքն էլ զուսպ լինի։ Այն, ինչ կատարվում է, կատարվում ինքնակամ ու կարծում եմ, թե արդար են, ու գործում է նպատակն արդարացնում է միջոցները տխրահռչակ սկզբունքը»: ԱԺ հատուկ նիստի տեղափոխումը, ըստ նրա, պետք է լինի ԱԺ որոշմամբ. «Ես տեղյակ չեմ դրա մասին։ Ինչ է նշանակում` ԱԺ հատուկ նիստի անցկացման տեղը փոխել, մենք անիմաստ գործողություններով նպատակ չունենք զբաղվելու։ Ոչինչ չի կարող խոչընդոտել ԱԺ նիստերի գումարմանը։ Վարչապետը ծնվում է ԱԺ-ից։ Շարժման տարիներին ընդհակառակն էինք անում` պատգամավորներին ասում էինք` գնացեք, մասնակցեք նիստերին։ Հիմա դեֆորմացիա է գնում։ Այն ժամանակ շարժումն ինչու հաջողեց, քանի որ ամեն ինչ օրենքի շրջանակներում էր տեղի ունենում։ Թեեւ որեւէ բան չեմ բացառում։ Երեք հոգի, որ հավաքվում են, դա դեռ ժողովուրդ չէ։ Էդ բառը պետք չէ հեշտ ու հանգիստ օգտագործել։ Ամեն մեկն իր կամքը դնում է ժողովրդի վրա ու պնդում է, որ դա ժողովրդի կամք ընկալվի։ Եթե իրենք գան իշխանության, ես չեմ պատկերացնում ինչ է լինելու։ Դա ուզուրպատորի կոչեր են, որի իրավունքը ոչ մեկը չունի»։  Ինչ վերաբերում է ՀՀԿ խորհրդի արտագնա նիստին, երբ հաստատվեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը` ՀՀ վարչապետի պաշտոնում, ապա պարոն Ռուստամյանը նշեց. «Մենք էլ ենք բազմիցս արտագնա նիստեր արել, ու փախուստի բան չի եղել։ Հասարակության տեղյակ լինելը դա այլ խնդիր է։ Փախուստ չպետք է ընկալել ու մի բաժակ ջրում փոթորիկ պետք չէ փնտրել։ Մեր լավ օրինակները պետք է որդեգրել, իրականցնել, ու նիստերը տարբեր մարզերում անել»։  Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի շրջափակել ԱԺ շենքը, ապա Արմեն Ռուստամյանը գիտի` ինչպես կավարտվի, որպեսզի մտնի ներս. «Եթե իմ դեմ դուրս գան անօրինական մեթոդներով, ես կպաշտպանվեմ։ Եթե մեկը գա փողոցում ձեզ ապտակի, ինչ պիտի անեք, պիտի նույն կերպ պատասխանեք. բռունցքին` բռունցքով, ապտակին` ապտակով։ Ես չպետք է սուս մնամ։ Դա իմ անձնական իրավունքն է` անկախ նրանից` դիմացս պատգամավոր է, թե ոչ»։ Նա անդրադարձավ նաեւ Կառավարության կազմում փոփոխություններին եւ մասնավորապես ՀՅԴ նախարարների մնալ-չմնալուն. «Այդ առումով առանձնապես լուրջ փոփոխություններ, չեմ կարծում, որ լինեն, քանի որ ունենք կոալիցիոն համաձայնագիր։ Ամեն ինչ նույն տրամաբանության մեջ է լինելու։ Հետագայում չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն։ Նոր Կառավարությունում յուրաքանչյուր նախարարի դեպքում անհատական պատասխանատվության խնդիր է լինելու։ Կարծում եմ` որոշ նախարարներ կփոխվեն»։