Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորականը Հնդկաստան էր մեկնել վերջույթների պրոթեզավորման համար

Հասարակություն
13-1

Ապրիլի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց մայոր Սարգիս Ստեփանյանին, ով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության աջակցությամբ ամիսներ առաջ մեկնել էր Հնդկաստան` ստանալու վերջույթների պրոթեզավորման համար անհրաժեշտ բուժումը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը, Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետեր տիար Սունիլ Սոբթին և տիկին Սյուզան Ռուբենը: Վրթանես Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ սպան, Նորին Սրբության օրհնությամբ ամիսներ առաջ մեկնելով Հնդկաստան, ստացել է անհրաժեշտ բուժում և, օրեր առաջ վերադառնալով հայրենիք, պիտի շարունակի իր ծառայությունը: Իր հերթին մայոր Սարգիս Ստեփանյանը խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության անդամներին իր բուժումն ու ապաքինումը Հնդկաստանում կազմակերպելու և իրեն ընտանիքով հանդերձ Կալկաթայի Մարդասիրական ճեմարանում այս ժամանակահատվածում ջերմորեն հյուրընկալելու համար: Զինվորականը վստահեցրեց, որ այս նախաձեռնության շնորհիվ ինքը վերստին հնարավորություն է ստացել շարունակելու իր պարտականությունների իրագործումը: Այնուհետև Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով հայրենյաց պաշտպանին, հետաքրքրվեց նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով, ապա իր գնահատանքը հայտնեց Հնդկահայոց հոգևոր հովվին և Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության անդամներին նման հայրենանվեր գործունեության համար: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ Մայր Աթոռն այսուհետ ևս կշարունակի այս նախաձեռնությունը` աջակցելով մարտական գործողություններում վիրավորում ստացած զինվորների բուժման գործում: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի խաղաղ ու անվտանգ կյանքի համար: