Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որևէ մեկն իրավունք չունի ասել, թե պատգամավորի հարցը կոռեկտ է, թե ոչ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-8

ԱԺ-ն այսօրվա նիստում առաջին ընթեցմամբ ընդունեց նախորդ օրը քննարկված մի շարք օրինագծեր: ԱԺ-ն ընդունեց «ՀՀ ԱԺ աշխատակարգը հաստատելու մասին» 2016թ. դեկտեմբերի 16-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը դեմ 31, կողմ 61 ձայներով: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը եւս ընդունվեց: Միայն Ելք» խմբակցությունն էր դեմ: Խորհրդարանն առաջին ընթեցմամբ ընդունեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք կողմ կքվեարկեն՝ պայմանով, որ հիվանադնոցներին իրավունք տրվի միայն այն դեղերը ներմուծել, որոնք քրոնիկ և դիսպանսեր բուժման ծառայությունների համար են: Ելք խմբակցությունից հայտարարեցին, որ կողմ կքվեարկեն, քանի որ կանխատեսվում է դեղերի գինը նվազելու է: «Եվ, ընդհանրապես, առողջապահության ինքնարժեքն ընկնելու է»,- նշեց խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նախագծի հեղինակ Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ մատուցվող ծառայությունները հնարավոր չէ բաժանել դիսպանսերային կամ խրոնիկ հիվանդությունների տեսքի. «Սա առողջապահության համակարգի սկբունքն է»: Միքայել Մելքումյանը պնդեց, թե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ պայմանավորվածություն ունեն, որ միայն սահմանափակ դեղացանկին է վերաբերելու. «2-րդ ընթեցմանը դեմ կլինենք, եթե այդպես չլինի»: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 92 կողմ: Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը ևս ընդունվեց 62 կողմ, 31 դեմ ձայներով: Արտակ Զեյնալյանը նշեց, որ Ելքը դեմ է քվեարկելու, քանի որ ԱԺ չի ներկայացվել ծրագիրն ու սխեման, որպեսզի իմանան` այդ գումարները ինչի վրա են ծախսվելու: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարման կարգով հայտարարեց, թե Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց է ուղղվում կառավարությանը, միայն նրանք իրավունք ունեն որոշել, թե ով պիտի պատասխանի, և պիտի պատասխանեն, թե ոչ: Ըստ նրա՝ որևէ մեկն իրավունք չունի ասել, թե պատգամավորի հարցը կոռեկտ է, թե ոչ, արժե հնչեցնել, թե չէ. «Ես հարգում եմ բոլորին, բայց այդպիսի ինքնիրավչությամբ խնդրում եմ, հորդորում եմ չզբաղվել, հանկարծ կոպիտ կհակադարձեմ, ու շատ անհարմար վիճակ կստեղծվի: Ես որևէ մեկի ելույթին թույլ չեմ տվել արտահայտվել տեղից»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ընդունում է բոլոր գործընկերների կարծիք արտահայտելու իրավունքը, իսկ խորհրդարանում էլ պիտի լինի փոխադարձ հարգանքի մթնոլորտ: Գեւորգ Պետրոսյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմել էր Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին՝ նշելով, թե ամենաանմխիթար վիճակում գտնվող նախարարության ղեկավարն ինչու է այդքան երջանիկ: