Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Միրզոյանը և Լ. Նազարյանը ԱԺ ամբիոնի մոտ վառեցին «Ազատության ջահը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
30629477_10211817126926580_567643491478490686_n

ԱԺ-ում այսօր, երբ ամբիոնին մոտեցավ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը` ելույթի համար, հայտարարեց. «ՀՀ ազատ քաղաքացիներ, մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարումը ու կերտել մեր երազանքների ՀՀ-ն։ Այդ նպատակով կոչ եմ անում ապրիլի 13-ին գալ Ազատության հրապարակ եւ վառենք մեր ազատության ջահը»: Այս խոսքերից հետո նա հենց ամբիոնի մոտ վառեց գունավոր հրավառություն։ Նրան միացավ նաեւ Ելք խմբակցության մեկ այլ պատգամավոր` Լենա Նազարյանը` գունային նույն հրավառությամբ։ «Ոնց որ շոուն չստացվեց։ Բացեք դռները, որ նորմալ աշխատենք։ Թող հանրությունը որոշի` ով, ինչ է անում ԱԺ-ում»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Մենք խոսում ենք հրավառությունների ժամանակը սահմանափակելու մասին, հիմա նաեւ պետք է նշել, թե նաեւ որտեղ պետք է արգելվեն հրավառությունները։ Վայրերի շրջանակը պետք է հստակեցնենք»,- իր հերթին հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը։ Ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` նշելով. «Այսպիսով, հրդեհի վտանգի է ենթարկվում ԱԺ շենքը, հետո թունավոր նյութերի շնչելու պարտադրանք է առաջացնում։ Ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես ԱԺ նախագահ, այլ նաեւ՝ քաղաքացի ու բժիշկ, որը չի կարող հանդուրժել, որ պատգամավորների ու քաղաքացիների կյանքը դրվում է վտանգի տակ` շուրջ 700 աշխատակիցներ։ Այդ արարքն անընդունելի եմ համարում»: «Նաեւ` ԱԺ կանոնակարգը մեզ թույլ է տալիս` դիմելու համապատասխան քայլերի։ Սա մսուր մանկապարտեզ չէ, ԱԺ է»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը։ Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը եւս ելույթ ունեցավ` ասելով. «Սա պարտադրված քայլ էր, եւ մենք բոլորս պետք է հասկանանք։ Սա ուշադրություն գրավելու տարբերակ է ու դրան պետք է վերաբերվել՝ որպես ըմբոստության քայլ։ Դրա հեգնանքն ու ծաղրանքը տեղին չէ։ Առողջությանը կարող է վտանգել,  սակայն վստահ չեմ»: «Պարոն Գորգիսյանն էլ հիմա ստիպված թաշկինակ է օգտագործում, որ վնաս չլինի»,- նկատեց Էդուարդ Շարմազանովը` մատնացույց անելով Ելք խմբակցության պատգամավորին, որը այդ պահին թաշկինակը դեմքին էր պահել` պաշտպանվելու հրավառությունից առաջացած ծխից։