Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը

Պաշտոնական
Xorhrdakcutyun2

ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ  այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է  համայնքներից ստացված սուբվենցիաների ծրագրային  40  հայտերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 371 մլն դրամ է: Նշված  գումարից համայնքների  ներդրումը կազմում է  791 միլիոն դրամ, իսկ մնացած մասը  պետական աջակցությունն է:  Հայտերը վերաբերում են համայնքային նշանակության ծրագրերի, որոնցով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել փողոցային լուսավորություն, կոյուղագծերի կառուցում,  փողոցների  ու ճանապարհների բարեկարգում ու հիմնանորոգում,  մանկական այգու ստեղծում ու համայնքային պուրակների կառուցապատում,  մանկապարտեզների վերանորոգում, ջրագծերի կառուցում  և այլն: Դավիթ Լոքյանի ներկայացմամբ՝  բոլոր ծրագրերը մանրամասն  քննարկվել են  շահագրգիռ գերատեսչությունների կողմից, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:  Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրերի  արդյունավետությունը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնվեն  գերատեսչությունների  առաջարկությունները, որպեսզի ձևավորվեն իրատեսական  ծրագրեր: Նա նաև հորդորել է խրախուսել ու ամենայն աջակցություն ցուցաբերել արդյունավետ աշխատող և իրենց համայնքների  զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող համայնքապետներին: Քննարկումների ընթացքում որոշվել է  վերոնշյալ 40  ծրագրային հայտից 3-ին առայժմ հավանություն չտալ՝  համայնքների կողմից համաֆինանսավորման ոչ բավարար ծավալի պատճառով, որպեսզի  վերջիններս կարողանան սահմանված ծավալով կատարել համաֆինանսավորման իրենց պարտավորությունները: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ