Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կտրուկ աճել է երեխաների հանդեպ սեռական բռնությունների դեպքերը (տեսանյութ)

Հասարակություն
Davit-Tumasyan

Երեխաների դեմ հանցագործությունների թվի աճ կա: Դրանց գերակշիռ մասը կազմում են սեռական բնույթի հանցագործությունները: Աճել են նաև  ընտանեկան բռնության դեպքերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ Դավիթ Թումասյանը: «Կա կարծրատիպ, որ ընտանեկան բռնությունը տղամարդու կողմից իրականացված բռնությունն է, բայց պատկերը մի փոքր այլ է, որովհետև մենք ունենք նաև կանանց կողմից տղամարդկանց նկատմամբ բռնություն»: Դավիթ Թումասյանը միևնույն ժամանակ նշում է, որ միանշանակ չի կարելի ասել,  որ բռնության դեպքերն են շատացել, որովհետև աճել են նաև բացահայտումների և դիմելիության ցուցանիշները: «Շատացել են նաև անչափահասների միջև հանցագործությունները: Երեխաները, որպես կանոն, իրականացնում են սեփականության դեմ ուղղված հանցագործություններ՝ գողություններ: Ընդ որում՝ դա իրականացնում են ոչ թե այն պատճառով, որ գտնվում են վատ պայմաններում, այլ երբ իրենց կարիքները ծնողները չեն բավարարում»: Դավիթ Թումասյանը նկատում է, որ 2016 թվականին կտրուկ աճել է երեխաների հանդեպ սեռական բռնությունների դեպքերը: «Ունեցել ենք 157 քրեական գործ սեռական հանցագործություններով, որոնցից 110 եղել են երեխաների նկատմամբ, այսինքն՝ բոլոր գործերի 70 տոկոսը: 2017 թվականին մենք ունեցել ենք ընդհանուր սեռական հանցագործությունների աճ, սակայն երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը նվազել է, այսիքն՝ 161-ից 101-ն է եղել երեխայի նկատմամբ, այսինքն՝ 62.7 տոկոս: 16-17 թվականներին բռնության ենթարկված երեխաների նվազագույն տարիքը եղել է 5 տարեկան, իսկ 2015 թվականին՝ 4 տարեկան: Ամենամեծ խումբը 14-16 տարեկան երեխաներն են»: Նա պնդում է, որ սեռական հանցագործությունների հիմնական դեպքերում աղջիկ երեխաները տալիս են իրենց համաձայնությունը, սակայն չեն հանդիսանում սեռական հասունության տարիքի հասած անձինք: Կան որոշակի վիճակագրական փոփոխություններ նաև հանցագործությունների ծանրության մեջ: Եթե նախկինում մեծ թիվ էին կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, ներկա դրությամբ դրանց թիվը կտրուկ նվազել է, աճի միտում ունեն միջին ծանրության հանցագործությունները: Դա գալիս է նաև նրանից, որ ազգաբնակչությունն ավելի վաղ փուլում է դիմում: