Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՎ ՄԵՐ ՊԱՐՏՔԸ

Տնտեսություն

Ռուսաստանին Հայաստանի ունեցած մոտ 100 մլն ԱՄՆ դոլար կազմող պարտքը մարելու համար նախատեսված հայկական ձեռնարկությունները փոխանցվելու են ռուսահայ գործարար, «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին,- օգոստոսի 21-ի համարում հաղորդում է «Նեզավիսիմայա Գազետա» թերթը:

Ըստ երեւույթին խոսքը ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների` «Մարս» գործարանի, Նյութաբանության ինստիտուտի եւ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասին է, քանի որ Ռուսաստանին փոխանցվող 4-րդ ձեռնարկությունը` Հրազդանի ՋԷԿ-ը տրվելու է ՌԱՕԵԷՍ-ին:

Արդեն որոշված է, որ ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները տնօրինելու է Համակարգերի Կառավարման Ռուսական Գործակալությունը: Հոդվածագիր Տատյանա Ռուբլյովան գրում է, որ Գործակալության նախկին ղեկավար Վլադիմիր Սիմոնովը նամակ է ուղարկել ՌԴ տնտեսական զարգացման նախարարություն եւ առաջարկել է հայկակական ձեռնարկությունների բաժնետոմսերը փոխանցել Արա Աբրահամյանի ղեկավարած «Սոգլասիե» ընկերությանը:

Նշվում է, որ այդ քայլին համաձայն է նաեւ ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, «Գույք պարտքի դիմաց» բանաձեւի համահեղինակ Իլյա Կլեբանովը:
Ձեռնարկությունները Աբրահամյանին հանձնելը «կապահովի Հայաստանում «Ռուսաստանի հայերի միության» նկատմամբ քաղաքական դրական վերաբերմունքը եւ ՀՀ կառավարության եւ ԱԺ-ի աջակցությունը»:

«Նեզավիսիմայա Գազետան» նաեւ նշում է, որ Արա Աբրահամյանը մեծ հավակնություններ ունի եւ ցանկանում է ազդեցություն ունենալ 2003 թ-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: