Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփը նորից հանդես է գալիս ներգաղթի օրենքները խստացնելու կոչով (տեսանյութ)

Քաղաքականություն
get-1

Ամերիկայի ձայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նորից հանդես է եկել ներգաղթի օրենքները խստացնելու մասին պահանջով: Նա ասել է նաեւ, թե որեւէ գործարք չի կայացվելու ԴԱԿԱ ծրագրով ԱՄՆ-ում գտնվող անձանց խնդրի շուրջ: Թրամփը բողոքում է, որ սահմանապահները չունեն իրենց պարտականությունը պարտաճանաչ կերպով կատարելու հնարավորություն: Ու պատճառը, գրում է նա թվիթերյան իր էջում, ‘’տարօրինակ լիբերալ օրենքներն են, եւ դրանցից բխող բռնիր ու բաց թող գործելաձեւը’’: Նրա խոսքերով, անօրինական փախստականների քարավանները ողողել են սահմանները: Նա նաեւ դատապարտում է Մեքսիկային, իր խոսքերով ասած, դեպի ԱՄՆ փախստականների հոսքը դադարեցնելու ուղղությամբ գրեթե ոչինչ չանելու համար: Սուրբ Զատկի արարողությունից հետո Թրամփը Ֆլորիդայում շարունակել է գրառումները: Նրա խոսքերով, եթե Մեքսիկան ոչինչ չանի այդ հոսքը դադարեցնելու ուղղությամբ, վատ կլինի երկու երկրների համար: Անչափահաս տարիքում անօրինական եղանակով ԱՄՆ տեղափոխված անձինք, որոնք այստեղ պաշտպանություն էին գտել Բարաք Օբամայի օրոք հաստատված ԴԱԿԱ ծրագրի շրջանակներում, ունեին իրենց խնդիրը լուծելու հնարավորություն, ասում է Թրամփը, ու դատապարտում դեմոկրատներին դա չանելու համար: Թրամփի վարչակազմը սեպտեմբեր ամսին դադարեցրեց ԴԱԿԱ ծրագիրը, սակայն Կոնգրեսին տվեց վեց ամիս ժամանակ, որպեսզի ներկայացնի նրանց խնդիրը մշտապես լուծելու ծրագիր: Այժմ 1 տրիլիոն 300 միլիարդ դոլարի բյուջեում ոչինչ ասված չէ ԴԱԿԱ ծրագրով այստեղ գտնվող անձանց մասին: Դաշնային դատավորները հրահանգել են Թրամփի վարչակազմին պահպանել ԴԱԿԱ-ի որոշ հատվածներ, քանի դեռ դատարաններում շարունակվում են իրավական ընթացակարգերը: