Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արդյո՞ք մենք չենք գա մի կետի ու չենք ունենա այն, ինչ եղավ Սեւաստոպոլում»

Քաղաքականություն
29595161_10211733337351893_8767289585983290566_n

«Միակողմանի դաշինք. ՀՀ-ում «Ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի խախտմամբ տեղակայվելու են Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումները» թեմայով քննարկմանը Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ դեռ 1990-ականներին ստորագրված հայ-ռուսական բազային պայմանագրում չկա ռազմական ոստիկանություն հասկացողությունը. «Եթե մեր Կառավարությունն ուզում է ռուսական ռազմական ոստիկանության ներկայություն, ապա պետք է բերի համապատասխան պայմանագիր, քննարկենք ու այն անցնի բոլոր փուլերով։ Պետք է ամեն ինչին նայենք մեր շահերից ելնելով։ Միգուցե տեղական այդ ոստիկանությունը բերում են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում կարգուկանոն հաստատելու համար։ Պայմանագրով է հնարավոր միայն կարգավորել հարաբերությունները։ Ինչպես հասկացա` պլանավորվում է նաեւ Երեւան բերել, որտեղ կա իրենց ռազմաբազայի շտաբ, սպայական կազմ է, ինչ կարգուկանոնի մասին է խոսքը։ Հիշենք պատմությունից` հայ բոլշևիկները կազմալուծում էին մեր բանակը, քանի որ մտածում էին` գալու է Կարմիր բանակն ու ամեն ինչ լավ է լինելու, սակայն եկան ու հանձնեցին Կարսը եւ այլն։ Սրա համար պատմական փորձը պետք է հաշվի առնել»: Քննարկման մասնակից ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն իր խոսքում վստահեցրեց, որ ռուսական կողմը ՀՀ-ում պետք է ունենար նման ոստիկանություն ու զբաղվեր իրենց զինվորների կարգուկանոնով. «Դա իրենց պարտավորությունն է։ Չեմ կարծում, որ դա մեծ քանակ է լինելու։ Բացարձակ այստեղ խնդիր չեմ տեսնում»: Իսկ Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Գեւորգ Մելիքյանն իր կողմից ավելացրեց` հայկական կողմը հիմա բանակցում է ռուսական կողմի հետ. «Սակայն մի զուգահեռ եմ ուզում անցկացնել` արդյոք մին օր էլ իրանական կողմը կսկսի պնդել, որ կրոնական ոստիկանություն պետք է հիմնի ՀՀ-ում։ Հարց է ծագում նաեւ, թե ով է ֆինանսական կողմն ապահովելու ռուսական այս ոստիկանության։ Ընդլայնելով ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում ու այս տրամաբանությունը շարունակական լինի, արդյոք մենք չենք գա մի կետի ու չենք ունենա այն, ինչ եղավ Սեւաստոպոլում, որը հիմա հատուկ կարգավիճակ ունի ռուսական ու ուկրաինական կողմերի միջեւ։ Այս օրինակով ուղղակի խտացնում եմ գույները»: «Կարծում եմ` նման համեմատությունը տեղին չէ, քանի որ նույնն էլ,ասենք, հայկական կողմը կարող է ասել Վրաստանին, թե մեր զբոսաշրջիկներն առավելի շատ ձեզ մոտ են գալիս հանգստանալու, ծովափերին հայկական վերահսկողական գրասենյակներ տեղադրենք»: Արդյոք ռուսական ՌՈ ներկայությունը ՀՀ-ում պայմանավորված է Վալերի Պերմյակովի գործոնով, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ այդ հարցի հետ կապված պետք է դիմել մեր իշխանություններին. «Ավելին ասեմ` ռուսական ՌՈ-ի տեղակայման ցանկության մասին ես իմացել եմ ռուսական ԶԼՄ-ներից ու չեմ բացառում, որ մեր իշխանություններն էլ են այդ տարբերակով իմացել»։ Նույն հարցի հետ կապված Միհրան Հակոբյանը նշեց, որ կդժվարանա ասել, թե ռուսական կողմը Վալերի Պերմյակովի հարցով է դիմել. «Առաջիկայում կներկայացնենք, թե ռուսական կողմի հետ քննարկումներն ինչ հունով են գնացել կամ ինչ պայմանագիր է կնքվում»: Գեւորգ Մելիքյանն իր կողմից նկատեց հետեւյալը. «Պատկերացնենք հետեւյալ իրավիճակը` ասենք, հայ որեւէ քաղաքացի մոտենում է ռուս ՌՈ ներկայացուցչին ու նկատողություն անում, նա էլ պտտվում, ասում է`  դու ինձ հետ ինչ գործ ունես, ձեր երկրում մենք կղզի ենք, ու մենք ինքներս մեր հարցերը կկարգավորենք, դուք մի խառնվեք։ Այսինքն, ստացվում է` մեր օրենքներից վեր են սկսելու իրենց դասել»։