Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիսից քաղաքացին իր աշխատավարձի 5%-ը կփոխանցի  կենսաթոշակային ֆոնդին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
dem-em

Կուտակային կենսաթոշակային համակարգը այս տարվա հուլիսից դառնում է պարտադիր  բոլոր այն աշխատողների համար, ովքեր ծնվել են 1974թ-ին կամ դրանից հետո:  Ըստ «Պարտադիր կենսաթոշակների մասին» օրենքի, աշխատողն իր ամսական աշխատավարձի 5%-ը կտա կենսաթոշակային համակարգին: Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշում է. «Մարդկանց սեփականության իրավունքով պատկանող գույքը, այս դեպքում գումարի օգտագործման վրա սահմանափակում դնելն անընդունելի է: Պարտադրել այդպիսի ծանր ռեֆորմ, շատ վատ վարվեց նախորդ կառավարությունը եւ նրա շարունակողները»: Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում ներդրվեց 2014 թվականի հունվարի 1-ից: Համակարգին դեմ արտահայտվեցին շատերը, այն համարելով հակասահմանադրական, իսկ շարժումն էլ ստացավ «ԴԵՄ ԵՄ պարտադիրին» անվանումը:  Ըստ պատգամավորի, եթե հիմա լինեն նման իմպուլսներ, օրենքը ոչ միայն կհետաձգվի, այլ կդադարի գործել Հայաստանում: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այլ կարծիքի է.  «Ես չեմ կարծում, որ արտառոց դեպքեր կլինեն կամ հանրահավաքներ»: Համակարգին պարտադիր մասնակցությունը հիմնավորվեց ժողովրդագրական վիճակով։ Հայաստանը ծերացող երկիր է: Իսկ դա նշանակում է, որ տարեցտարի  թոշակառունների թիվն աշխատողների համեմատությամբ ավելանալու է։ «Ինչու՞մն է այդ դեպքում պետության խնդիրը: Այդ դեպքում հասկանալով, որ ծերացող ազգ են, ինչո՞ւ միջոցներ չենք ձեռնարկում, ինչո՞ւ չենք զարգացնում ծնելիությունը եւ կանխում արտագաղթը», ասում է Մանե Թանդիլյանը:  Օրենքով երաշխավորված գումարների հետվերադարձելիությունը կասկած է առաջացնում:  Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդում է, որ մարդիկ տարիներ շարունակ կուտակում են, բայց գումարի վերադարձի մասով երաշխիքներ չունեն: «Ոչ մի մարդ իր կյանքը, ապագան 10 տարուց ավել չի տեսնում, առավել եւս, որ մարդուն զրկում են իր ֆինանսից եւ ասում ՝ 30 տարի հետո քեզ համար լավ կլինի: Սա օրենքի ամենամեծ թերությունն է»: Մանե Թանդիլյանն ավելացնում է. «Կուտակային ֆոնդերը շատ ռիսկային են: Մեր օրենքով կա որոշակի անվտանգության երաշխիք: Պետությունը աշխատողների վճարածի մասով երաշխիք է տալիս, որ կփոխհատուցի: Պատկերացնո՞ւմ եք այդ գումարների չափը, արդյո՞ք մեր բյուջեում այդքան գումար կա»: Նշենք, որ 2017թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանում 175700 քաղաքացի կենսաթոշակային կուտակային համակարգի մասնակից է: