Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չիպոլինո»-ն շուտով կլինի օպերային թատրոնում (տեսանյութ)

Մշակույթ
astxik

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշնանը կբեմադրվի Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետը և օպերային թատրոնն իր խաղացանկում կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական ներկայացումը։ Այս առիթով Կոնստանտին Օրբելյանի հրավերով երկօրյա այցով Երևանում էր լեգենդար պարուսույց-բեմադրիչ Հենրիխ Մայորովը՝ «Չիպոլինո» բալետի առաջին բեմադրիչը։  Նա իր դստեր՝ մեծ թատրոնի պարուհի Աննա Մայորովայի հետ կբեմադրի «Չիպոլինոն» մեր օպերայի բեմում։ «Ավելի հեշտ է թվարկել, թե որ օպերային թատրոններում չեմ բեմադրել մանկական այս ներկայացումը», -կատակում է Հենրիխ Մայորովը։ Նա հիշեց, թե ինչպես Կարեն Խաչատուրյանը իրեն հրավիրեց բեմադրելու «Չիպոլինոն», որի պրեմիերան կայացել է Կիևում 1974 թվականին։ «Զարմացած եմ, որ Կարեն Խաչատուրյանի այս ներկայացումը Երևանում երբևէ չի բեմադրվել»,- ասում է պարուսույցը։ «Երևանը յուրահատուկ ջերմ քաղաք է և օպերայի շենքն էլ շատ ինքնատիպ է»,-ասում է արվեստի վաստակավոր գործիչը։ Մայորովը հիացած էր նաև մեր բալետային խմբով։ Արամ Խաչատրյանը աշխարհին նվիրեց «Սպարտակ» բալետը, որ իրադարձություն էր բալետի պատմության մեջ։ Իսկ նրա զարմիկը՝ Կարենը, երեխաներին նվիրեց, կարելի է ասել մի մանկական «Սպարտակ», որն իր մեջ նույնպես կրում է անազատության դեմ պայքարի փիլիսոփայությունը։ «Այսօր թատրոնի միջազգային օրն է։ Կարծում եմ, սա հրաշալի առիթ է մեկ անգամ ևս իմաստավորելու և կարևորելու թատրոնի դերը»,- ավելացնում է Կոնստանտին Օրբելյանը։ Բալետային խմբի ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը հիշում է, որ ութսունականներին օպերայի խաղացանկում կար երեք մանկական բալետ ՝ «Չոփչոփիկը», Արամ Սաթյանի «Ճպուռն ու մրջյունը» և Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին», որում, ի դեպ,նա հենց Կայի դերակատարն էր։