Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿՄ-ն անցկացրել է շարադրությունների մրցույթ՝ նվիրված Սպարապետին (տեսանյութ)

Պաշտոնական
Regionնն-Capture

Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ անցկացված դպրոցական շարադրությունների մրցույթի  նախաձեռնողը Երկրապահ կամավորականների միությունն էր, և հենց ԵԿՄ վարչությունում էլ կայացավ մրցույթի ամփոփումը: Մինչ բուն միջոցառման սկիզբը, երկրապահական ոգուն համապատասխան, անցկացվեց ծաղկադրում: Ծաղիկներ խոնարհվեցին ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ, այնպես էլ՝ խաչքարերի պուրակի բոլոր խաչքարերին: Մրցույթի մասնակից աշակերտները, հյուրերը, մանկավարժները շրջայց կատարեցին ԵԿՄ թանգարանում, գրադարանում, կրակային պարապմունքի և այլ լսարաններում: Մրցույթի արդյուքների ամփոփման ժամանակ նման հայրենասիրական ձեռնարկները կարևորեցին թե՛ ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա կետիկյանը, թե՛ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչ Անահիտ Մելքոնյանը, թե՛ մրցատյանի նախագահ, ԵԿՄ վարչության անդամ Նունե Մանուկյանը: Քաղաքապետարանի հանրակրթության վարչության կողմից հավանության արժանացած 13 շարադրություններից լավագույնը ճանաչվեցին և երկրապահական հուշամեդալի ու պատվոգրի արժանացան Մառլենա Սարգսյանի (թիվ 147դպրոց), Հասմիկ Վարդանյանի (թիվ 12 դպրոց) և Քրիստինե Առաքելյանի (թիվ 138 դպրոց) աշխատանքները: Երկրապահական պատվոգրերի արժանացան նաև լավագույն տասնայակում տեղ գտած մյուս շարադրությունների հեղինակները: «Սիրելի՛ սպարապետ, այսօր էլ հայ զինվորը, քո կերպարը սրտում, սահմանագծին կանգնած, հաղթահարում է ամեն դժվարություն, կանխում թշնամու ցանկացած ոտնձգություն: Նրանք կլինեն քո արժանի փոխարինողը: Նվիրյալ հայորդիները քո կիսատ թողած գործը ավարտին կհասցնեն»,- վստահեցնում է Մառլենան: Հասմիկն էլ հավաստում է, որ «Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրինակով կարելի է մեր ողջ հայ ազգի հայորդիներին կրթել և դաստիարակել՝ սերմանելով նրանց մեջ առյուծասիրտ մարտական ոգի, հայրենիքի հանդեպ սեր ու նվիրվածություն»: Հյուրերը՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները,մանկավարժները, ծնողները  և աշակերտները, կարևորեցին Երկրապահի նման հայրենասիրական դաստիարակչական  նախաձեռնությունը: Երկրապահը, հավատարիմ իր սկզբունքներին, մշտապես կարևորում և խրախուսում է հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը, իսկ Սպարապետի կյանքն ու գործունեությունը հայրենասիրության վառ օրինակ են սերունդների համար: