Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտագնա աշխատանքը խոչընդոտում է տուբերկուլյոզի լիարժեք բուժմանը (տեսանյութ)

Հասարակություն
Tuberkulyoz

Տուբերկուլյոզը հիվանդների մեծ մասի մոտ հայտնաբերվում է պատահաբար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ ստացիոնար բաժնի վարիչ Կատարինա Գյուլբայազյանը: Հիվանդությունը կարող է լինել ինչպես թոքերում, այնպես էլ արտաթոքային՝ այլ օրգաններում, կարող է լինել բաց և փակ տեսակի. առաջինը վտանգ է ներկայացնում շրջապատի համար, երկրորդը՝ ոչ: Ըստ մասնագետների՝ հաճախ բժիշկները առանց մանրակրկիտ հետազոտության իրականացնում են բուժում, մինչդեռ ավելի ուշ պարզվում է, որ հիվանդն ունի տուբերկուլյոզ: Հիվանդության բնորոշ հատկանիշներից են արյունախխումը, հազը, խորխարտադրությունը, ինքնաթունավորման նշանները, գիշերային քրտնարտադրությունը, գլխացավը և այլն: Բուժումը կարող է տևել 6 ամսից մինչև 1 տարի և անվճար է: «Տուբերկուլյոզը հաղթահարելու համար խնդիր է առաջացնում գաղթը,- ասում է ԱՆ գլխավոր ֆթիզիատոր, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի գիտական գծով խորհրդական Լյուբով Նիկոլայան,- մարդիկ շատ անգամ արտագնա աշխատանքի են մեկնում՝ բուժումը թողնելով կիսատ, որի արդյունքում հիվանդությունը խորանում է»: Ըստ մասնագետի՝ 2017թ. տվյալներով հանրապետությունում յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվարկով տուբերկուլյոզով հիվանդացել է մոտ 23 մարդ, մահացել՝ 1-ը: 2017թ. տվյալներով՝ հայտնաբելվել է 691 հիվանդ: Հիվանդությունը հնարավոր է բուժել լիարժեքորեն: Վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի տարրական նորմերը՝ զրուցակցից կանգնել որոշակի հեռավորության վրա, հազալիս կամ փռշտալիս բերանը ինչ-որ բանով փակել կամ շրջվել մի կողմ և այլն: