Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանում սովորելու հայերի նախընտրությունը բուհերում դժգոհություն է առաջացրել (տեսանյութ)

Հասարակություն
Expo

Տարեցտարի մեծանում է հայ դիմորդների հետաքրքրությունը ռուսական բուհերի նկատմամբ։ Ըստ  «Ինտերէքսպո» ընկերության տնօրեն Ադելինա Քոչարյանի՝ պատճառը կրթության որակն ու անվճար սովորելու հնարավորությունն են: Այս տարի Ռուսաստանի Դաշնությունը 205 անվճար տեղ է հատկացրել հայ դիմորդներին՝ նախորդ տարվա 187-ի փոխարեն: Դիմորդների թիվն այս տարի գերազանցել է 1000-ը: «Բուհերից շատերն իրենց դժգոհությունն են հայտնել այն առթիվ, որ ռուսները տանում են մեր լավագույն երեխաներին: Բայց ես՝ որպես ծնող, կարծում եմ, որ եթե Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում ևս անվճար կրթությունը երեխաներին առավել հասանելի լիներ, հնարավոր է Ռուսաստանում անվճար սովորել ցանկացողներն այդքան շատ չլինեին»,- ասում է տիկին Քոչարյանը: Ռուսաստանի բուհերից Հայաստան է ժամանել շուրջ 45 մասնագետ, ովքեր իրենց հայ գործընկերների հետ կկազմակերպեն հայ դիմորդների ընդունելությունը: Դիմորդները քննություն պետք է հանձնեն ռուսերենից, մասնագիտական առարկաներից, վերջին փուլը հարցազրույցն է, որտեղ որոշվում է՝ դիմորդն ընդունված է, թե ոչ:   Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Interexpo ընկերության հետ համատեղ Երեւանում կազմակերպել էր եռօրյա կրթական ցուցահանդես, որին ներկայացված են ավելի քան 50 բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատություններ Հայաստանից և  10 կրթական հաստատություններ Ռուսաստանի Դաշնությունից: «Էքսպոյին մասնակցելու նպատակը մեր ուսումնական հաստատությունը ներկայացնելն է, նրա առավելությունները, և երիտասարդների, դպրոցականների մոտ հետաքրքրություն առաջացնելը»,- նշում է Ոստիկանության կրթահամալիրի տաղավարի ներկայացուցիչը: Հայ-հունական քոլեջի կարիերայի ստորաբաժանման պատասխանատու Անի Բաղումյանն ասում է, որ իրենց քոլեջով հետաքրքրված են դպրոցականները, իրենց ուսանողները հնարավորություն ունեն սովորելու հունարեն և կրթություն ստանալ նաև Հունաստանում: Այն բաց կլինի մինչև մարտի 23-ը: