Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելք սահմանվի վարչապետին՝ պարգևատրել ինքն իրեն. ՀՅԴ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
29004136_10211670254254855_1690815195_n

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Պետական պարգեւների մասի» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 2-րդ ընթերցմամբ։ Նա նշեց, որ միայն ՀՅԴ խմբակցությունից են առաջարկ ստացել այն մասին, որ արգելք սահմանվի ՀՀ նախագահին, վարչապետին, ԲԴԽ-ին, ՍԴ նախագահին, ԱԺ նախագահին` իրենց պաշտոնավարման ժամանակ իրենք իրենց պարգեւատրել պետական բարձր պարգեւներով։  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին մտահոգում էր հարցը` ինչո՞ւ պետք է ՀՀ վարչապետը ներկայացնի պարգեւատրման այս կամ այն անձին ու միջնորդի ՀՀ նախագահին. «Սա վարչապետի քաղցր աչքի տակ պահելու եւս մեկ միջոց է»։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը 2-րդ ընթերցմամբ, նշեց, որ հիմնական փոփոխություններից է այն, որ Պետական պահպանությունը մտնում է ԱԱԾ կազմ, ԴԱՀԿ-ն անվանափոխվում է Հարկադիր կատարման ծառայություն։  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցերից մեկը նախարարին ուղղված, վերաբերում էր ՀՀ նախագահի կողմից վարչապետի որոշումների մակագրությանը.« Ստացվում է` ՀՀ նախագահը դատապարտված է ստորագրելու բոլոր տեսակի հրամանները։ Օրինակ` եթե չի մակագրում որեւիցե պաշտոնյայի հրաժարականի որոշում, մինեւնույնն է` նա հրաժարական է ստանում»։  Նրա մյուս դիտարկումը վերաբերում էր նախարարների` Կառավարությունում երդմնակալությանը։ Ի պատասխան Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախարարների երդմնակալության հետ կապված իրավաբանական խորը միտք չի եղել. «Ուղղակի քննարկել, եկել էինք այդ եզրակացության»։  Ելք խմբակցության մի շարք առաջարկություններ, այդ թվում` Կառավարության նիստերի բաց լինելը, մերժվել են։«Մենք դրանց բոլորին դահլիճում կանդրադառնանք, ու նախագծին դեմ ենք քվեարկելու»,- հայտարարեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։   Նախագիծը դրվեց քվեարկության` ԱԺ նիստերի օրակարգ ներառելու համար։ Դեմ էր միայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը։