Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոշակների և աշխատավարձերի բարձրացման ֆինանսավորում դեռ չկա

Քաղաքականություն
aramyan

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր կառավարության հարցուպատասխանի ժամանակ հետաքրքվեց, թե ինչպես է վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում իրագործել դեռ անցած տարի թոշակների և աշխատավարձի մասին արված խոստումը: Պատգամավորը հիշեցրեց, որ վարչապետի հայտարարության մեջ թոշակների և բազային աշխատավարձի բարձրացման վերաբերյալ ստույգ ժամկետ էր նշվել՝ 2018 թվականը։ Սակայն, ըստ Արարատ Միրզոյանի՝ ֆինանսական որևէ բարձրացում նախատեսված չէ նույնիսկ 2019 թվականի միջնաժամկետ ծրագրերում:  Վարչապետի փոխարեն հարցին պատասխանող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, թե կառավարությունը նման ծրագիր չունի, թեև բազմիցս բարձրաձայնել է դրա անհրաժեշտության մասին: Սակայն, ըստ նախարարի, նման ծրագրերի իրականացումը դեռ հնարավոր չէ, քանի որ պարզ չէ հավելյալ եկամուտների գոյացման մեխանիզմը։  «Վտանգավոր է, որ չենք կարող ստանձնել ընթացիկ պարտականություն, ու տնտեսական իրավիճակից ելնելով՝ հրաժարվել դրանից: Վերցնենք ու չկարողանանք դրանք իրականացնել: Եթե 5 հազար դրամով  հանրային հատվածում, որտեղ զբաղված է շուրջ 260 հազար հոգի,  բարձրացնենք աշխատավարձերը, ապա բյուջեում լրացուցիչ 30 միլիարդ դրամի պահանջ է գալու: Բնականաբար, դա պետք է կայունացնենք կամ այլ ծախսերի հաշվին, կամ եկամուտների  հաշվին: Այդ հարցը գտնվում է մեր օրակարգում, նաև հեռանկարային իրականացման ծրագրերում։  Ուզում եմ շեշտել,  որ  այո, հնարավոր չէ ապագայում  մենք չդիտարկենք դեռ հնարավոր չէ դիտարկել թոշակների և աշխատավարձների բարձրացումը: Դա անհնար է, քանի որ ազդում է և կենսամակարդակի և աղքատության մակարդակի վրա: Բայց մյուս կողմից պետք է գործողություններ անենք, որ դիտակետում կարողանանք պահել, թե մոտակա 3-4 տարի ինչ է լինելու և ինչպես ենք մենք այդ պատասխանատվությունը ֆինանսավորելու», - ասում է նա: Արձագանքելով՝ պատգամավոր Արարատ Միրզոյանը նշեց, որ խոսքը գնում է խոստացածի համար պատասխանատվության մասին, մանավանդ, որ  Կարեն Կարապետյանը ապրիլի 9-ից հետո  չի ղեկավարելու կառավարությունը: